Գեղարքունիքի մարզի էներգետիկայի ոլորտում 2022 թվականին իրականացվել է 4 միլիարդ 111 միլիոն 786 հազար դրամի աշխատանք։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվել են հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության պահպանման եւ մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված 1 միլիարդ 182 միլիոն դրամի աշխատանքներ:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ պետական բյուջեի, Վերակառուցման զարգացման բանկի եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության սեփական միջոցներով 2022 թվականին իրականացվել են էլեկտրական սարքավորումների եւ օդային գծերի շահագործման ու նորոգման բարելավմանը եւ «Լիճք» ենթակայանի վերակառուցմանն ուղղված 2 միլիարդ 806,8 միլիոն դրամի աշխատանքներ: «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ի սեփական միջոցներով մարզում իրականացվել են 97 միլիոն 531 հազար դրամի նախատեսված ներդրումային ծրագրեր: ՀՀ պետական բյուջեի, Վերակառուցման զարգացման բանկի միջոցներով իրականացվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» դրամաշնորհային ծրագիրը՝ 25 միլիոն 455 հազար դրամի չափով։











































