ՀՀ ԱԱԾ-ն մարտի 30-ին հաղորդագրություն է տարածել, որի 1-ին կետում նշված է. «Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով»։
ԱԱԾ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ:Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը»։
Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ վարում են կուլիսային բանակցություններ, արդեն սկսել են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, բայց որի մասին ժողովրդին տեղյակ չեն պահում։ Ընդ որում՝ գործընթացը կարծես տեղի է ունենում ռուսական միջնորդությամբ, քանի որ դեմարկացիայի ու դելիմիտացայի հարցով եվրոպական հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց։
Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Դավիթ Հարությունովը հիշեցնում է այն, ինչ տեղի էր ունենում 2020 թվականից հետո սահմանին և այդ ժամանակ օգտագործվում էր «սահմանի ճշտում» տերմինը.«Կողմերն էլի ունեին քարտեզներ, ադրբեջանական կողմն իր ձևով էր մեկնաբանում, հայկական կողմն՝ իր։ Այսինքն ես կասեի, որ սա հենց այդ գործընթացի շարունակությունն է՝ առանց ֆորմալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի։ Իմ կարծիքով՝ դա այդ գործընթացը չէ, որովհետև մենք գիտենք, որ կա հանձնաժողով, որ այդ հարցով պետք է զբաղվի, բայց հիմա այդ մասին չի հիշատակվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ Հարությունովը նշում է, որ նախկինում՝ 2021 թվականից տեղի էին ունենում ճշտումներ.«Բնականաբար ադրբեջանական կողմն իր օգտին էր դա ծառայեցնում՝ օգտվելով իր ուժային հնարավորություններից տարածքներ գրավում։ Իսկ ինչ վերաբերում է քարտեզներին, ապա մենք գիտենք, որ ամեն կողմ էլ ունի իր պատկերացումներն ու քարտեզները։ Այսինքն՝ Ադրբեջանը խոսում է «պատմական քարտեզների մասին», Երևանն էլ խոսում է ՌԴ Գլխավոր շտաբի, սովետական քարտեզների մասին։ Հասկանալի է, որ կողմերն ունեն իրենց «քարտեզային փաթեթները», որոնք կարող են կիրառել դելիմիտացիայի, նաև այսպես կոչված «ճշտման» շրջանակներում։ Սակայն մտահոգիչն այն է, որ փաստացի տեղի է ունենում գործընթաց, երբ դեռ տեղի չի ունեցել դելիմիտացիայի ու դեմարկացիայի իրավական գործընթացը, բայց Ադրբեջանն արդեն ինչ-որ տարածք գրավում է»։
Վերլուծաբանը հիշեցնում է, որ նույնիսկ առաջին փուլում, երբ Ադրբեջանը որոշակի տարածքներ է գրավել, էլի հայկական կողմի հետ որոշակի քննարկումներ կային, պաշտոնյաները հանդիպում էին.«Պարզապես հարցն այն է, որ իրենք հայկական կողմի դիրքորոշումն անտեսում են։ Ինչ վերաբերում է ճանապարհի հատվածը տեղափոխելու պայմանավորվածություններին, ապա իհարկե այդ մասին շատ չի խոսվել, բայց դա երևի այն պայմանավորվածությունների շրջանակներում է, որոնք ընդհանուր առմամբ կապված են եղել Լաչինի միջանցքի երթուղին փոխելու հետ։ Դա անցած տարվա օգոստոսին եղավ։ Գործընթացը նման է նրան, որ տեղի է ունենում 2021 թվականի պրոցեսների շարունակություն։ Մտահոգիչն էլ, կրկնեմ, այն է, որ այն չունի փաստացի իրավաբանական ձևակերպում, բայց գործնականում հայկական կողմն ինչ-որ տարածքներ կորցնում է։ Շատ բարդ է պատկերացնել, որ հետո Ադրբեջանը դեմարկացիայի ու դելիմիտացիայի բանակցությունների ժամանակ կզիջի այդ տարածքները։ Առավել ևս՝ հիմա հասկանալի է, որ ընդհանրապես բարձունքներ գրավելու մարտավարությունն ավելի լայն ռազմավարության մաս է, հատուկ արվում է Սյունիքի մարզում՝ հետագա որոշ գործողությունների համար։ Ցավոք սրտի՝ նման է դրան։ Իրենք առանձնապես չեն էլ թաքցնում, որ այդ տրամաբանության մեջ են գործում։ Ալիևն ասաց, որ իրենք դիրքեր են գրավել ու դժվար է պատկերացնել, որ բանակցություններով դրանք հետ կտան»։
Հարությունովը, սակայն, գտնում է, որ ցանկալի է, որ հանրությունը մաքսիմալ այդ ամենի տեղյակ լինի.«Ե՛վ որպեսզի կարողանա որոշակիորեն վերահսկել իշխանությունների գործողությունները և՛ որպեսզի չլինի իրավիճակ, որը ներքաղաքական իմաստով կարող է շահարկվել կամ շոկային էֆեկտ ունենալ։ Նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները ևս նորմալ տեղեկատվական պարզաբանում չեն ստանում։ Բաներ կան, որոնք հայկական կողմը՝ նույնիսկ ցանկության դեպքում չի կարող փոխել և ես կոնկրետ այս դեպքի մասին չեմ խոսում։ Այստեղ տրաբանական կլիներ, որ իշխանությունները որոշակի տեղեկատվական առումով հանրությանը պատրաստեին, որ նման որոշում է կայացվել և պետք է իրականացվի։ Սա լուրջ խնդիր է, որը կարող է Հայաստանում ներքաղաքական ցնցումների բերել։ Իրենց լռության արդյունքում հաճախ այդ ցնցումների պոտենցիալ է ստեղծվում»։
Մեր այն դիտարկմանը, թե ԱԱԾ-ն խոսում է 2022 թվականի օգոստոսին ձեռքբերված պայմանավորվածությունների մասինն, հնարաո՞ր է սեպտեմբերյան հայտնի իրադարձությունները, երբ Ադրբեջանը որոշակի առաջխաղացման գնաց, այդ պայմանավորվածությունների արդյունք լիներ, Հարությունովն արձագանքեց.« Այդ դեպքում՝ դա մարտական գործողությունների չէր բերի, հայկական կողմը պարզապես ինչ-որ տարածքներ կզիջեր։ Երկրորդ՝ ԱԱԾ-ի հայտարարության մեջ չի ասվում, որ եղել է պայմանավորվածություն Տեղի մոտ ինչ-որ հատվածներ զիջելու մասին, այնտեղ ասվել է, որ խոսք է գնում պայմանավորվածության մասին, որ առնչվում է Կոռնիձորի հատվածում երթուղին փոխելու մասին։ Ադրբեջանական կողմն օգտվել ու ինչ-որ տարածքներ գրավել է։ Դրա համար՝ ասել, որ սեպտեմբերին այդպիսի պայմանավորվածություն է եղել՝ ճիշտ չէ»։
Մեր զրուցակիցը նշում է, որ այդ խոսույթն ընդդիմությունը հաճախ է օգտագործում, բայց դրա հետ կապված փաստեր չկան. «Հատկապես մարտական գործողությունների պարագայում ոչ մի փաստ չկա։ Հիշեցնեմ, որ 200ից ավել զոհ ունեցավ հայկական կողմը։Եթե հիշեք՝ սեպտեմբերյան իրադարձությունները նաև Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ առաջացրեցին։ Հիմա այս իրավիճակն էլ խոսում է այն մասին, որ ցանկացած այդպիսի իրադրություն ուղիղ հարված է իշխանության դիրքերին»,-եզրափակեց նա։











































