Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում միջազգային հարցերով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին (1991-1997թթ.) գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Հայտնի է, որ վերջին տարիների ընթացքում ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չի գրանցվել։ Միջնորդները դեռ պատրաստ չեն իրական կոշտություն ցուցաբերելուն, հակամարտող կողմերը նստելու են և խաղ են խաղալու, ապա մեղադրելու են միմյանց։ Հակամարտող կողմերը պետք է հասկանան, որ այդ հակամարտությունը նրանց խնդիրն է. միջնորդները կարող են գոյակցել նաև առանց Հայաստանի կամ Ադրբեջանի, կամ էլ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։
«Գերտերություն» տերմինը ենթադրում է ամենազորության զգացում, որը շնորհվել է մի շարք երկրների։ Սակայն գերտերություն լինելը չի նշանակում, թե նրանք կարող են անել ամեն ինչ և երբ ցանկանան։ Գերտերությունների գոյատևման համար անհրաժեշտ են, որ այլ երկրներ նույնպես գոյություն ունենան, որոնք այդպիսին չեն։ Երբեմն պատահում է, որ գերտերությունները հաշվի են նստում կամ էլ կախված են այդպիսի և անգամ փոքր երկրներից։ Նմանատիպ ոչ մեծ երկրների գործողությունների պատճառով աշխարհում տեղի են ունեցել շատ իրադարձություններ։
Դրա համար էլ չի բացառվում, որ գերտերություն չհանդիսացող Ադրբեջանը կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի կամ ԱՄՆ հետ՝ հայկական կողմի դեմ պատերազմ սկսելու համար։ Ընդ որում՝ կարելի է համոզել այս կամ այն կողմին, որ այդպիսի պատերազմը հաջողակ կլինի և կհանգեցնի բոլորի համար ընդունելի հետևանքների։
Բանակցային գործընթացի փակուղում հայտնվելու պատճառով Ադրբեջանը կարող է գալ այն եզրահանգման, որ պատերազմը վերսկսելուց բացի՝ այլ ելք չկա։ Այդպիսի պատերազմի նվազագույն նպատակները կայանում են նրանում, որ փոփոխություններ մտցվեն ներկայիս իրավիճակում և Հայաստանին ու Ղարաբաղին հարկադրեն զիջումների գնալ, որոնք ներկայումս պատրաստ չեն այդ քայլին գնալուն։
Գերտերությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը ու Ռուսաստանը, կարող են չառարկել այդ պատերազմի դեմ, քանի որ նրանք խրված են շատ հարցերի մեջ և երբեմն թեթևացած շունչ են քաշում, երբ փոքր երկրներն առաջարկում են դժվարին խնդրի լուծման պարզ տարբերակ։ Նրանք անգամ կարող են համաձայնել դրան, անգամ եթե ենթադրյալ քայլը ռիսկային է. գերտերությունները պատասխանատվություն չեն կրի ռիսկերի համար։
Սակայն այստեղ գոյություն ունեն երկու կարևոր գործոններ. ա) Չնայած այդ բոլոր «օբյեկտիվ» հաշվարկներին, ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի պատերազմը։ Մեր դեպքում անհրաժեշտ է չափազանց ուշադրությամբ գնահատել այն հարձակումը, որը Ադրբեջանը ձեռնարկեց 1993 թվականի վերջին։ Այդ ժամանակ Ադրբեջանում իշխանության էր եկել Հեյդար Ալիևը, որին համոզել էին, որ կորուսյալ տարածքները և անգամ ավելին կարելի է վերադարձնել ռազմական ճանապարհով։
1993 թվականի այդ հարձակումը ոչինչ չտվեց, թեև Մոսկվայում, Վաշինգտոնում ու Բրյուսելում շատերը դա չէին ակնկալում։ 1993 թվականի դեկտեմբերից մինչև 1994 թվականի ապրիլը կողմերի բանակները տվեցին պատերազմի ժամանակ իրենց ամենամեծ զոհերը՝ մոտ 80 տոկոսը։ 1991 թվականի ապրիլ-մայիսի նման Ադրբեջանը 1993 թվականի վերջին հարձակում ձեռնարկեց՝ հենվելով հակամարտող կողմերից յուրաքանչյուրի պաշարներին առնչվող «օբյեկտիվ» հաշվարկների վրա։ Միշտ չէ, որ պատերազմի ելքը կախված է լինում քանակից, վիճակագրությունից ու զինամթերքի պաշարից։
բ) Պատերազմն ունի իր տրամաբանությունը։ Կարելի է ձեռնարկել ռազմական գործողություններ՝ նկատի ունենալով կարճատև տակտիկական պատերազմը, որը հանգեցնելու է նախապես պլանավորված արդյունքներին։ Սակայն պատմությունը վկայում է այդ մարտավարության ձախողման մասին։ Սա այնպիսի տարածաշրջան է, ուր տարածաշրջանային ու միջազգային խաղացողները շատ բան են ներդրել իրենց տնտեսական, աշխարհաքաղաքական և այլ շահերի համար։ Բացի այդ, պատերազմը կարող է ներառել անմիջականորեն հակամարտության մեջ չներքաշված երկրներին»։









































