Հայաստանցի ուսանողների և երիտասարդների մի զգալի հատվածը կարևորում է Հայաստանում արդարության հաստատումը: Այս մասին է վկայում «Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած հարցումը:
Հարցման մասնակից երիտասարդները համոզված են, որ բուհերից կոռուպցիան արմատախիլ անելու համար պետական հատուկ քաղաքականություն է անհրաժեշտ:
Իսկ «Հնարավորության դեպքում կարտագաղթեի՞ք Հայաստանից» հարցին մասնակիցների 27 տոկոսը տվել է «Երևի այո» պատասխանը:
Հարցման մասնակիցների 35 տոկոսը կարևոր է համարում աշխատանքի, իսկ 30-ը` արդարության խնդիրը: Հետաքրքիր է նաև, որ, պատասխանելով «Եթե հնարավորություն ունենայիք Ձեզ հուզող խնդիրները ներկայացնել որևէ ազդեցիկ դեմքի, ո՞ւմ կդիմեիք» հարցին, երիտասարդների 38 տոկոսը տվել է Գագիկ Ծառուկյանի անունը (հարցման թերթիկում Սերժ Սարգսյանի անունն ընդգրկված չի եղել ուսանողների վրա ավելորդ ճնշում չգործադրելու համար): Երկրորդ տեղում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է, իսկ երրորդում` քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ցուցակում ընդգրկված են եղել հայաստանյան բազմաթիվ այլ պետական, քաղաքական և հասարակական գործիչների անուններ:
Երիտասարդների 45 տոկոսը կարծում է, որ իրենց կարող է համախմբել Ղարաբաղի հարցը: Ուսանողների և երիտասարդների 35 տոկոսը ցանկանում է աշխատել մասնավոր համակարգում, իսկ 30 տոկոսը ուզում է հիմնել իր սեփական գործը:









































