Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր ասուլիս էին հրավիրել՝ մեկ անգամ ևս ահազանգելու բանակում տեղի ունեցող սպանությունների մասին:
Նրանք նաև հայտարարություն էին պատրաստել, որում պահանջում էին ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարից անհապաղ ապահովել 1994 թվականից մինչ օրս բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների և ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպում:
Նրանք նաև պահանջում են երաշխիքներ` քրեական պատասխաբատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի և անօրինականությունների համար: Նրանք նշեցին, որ առաջիկա մեկ ամսում ցանկանում են տեսնել որոշակի քայլեր հայտարարությունում նշված իրենց պահանջների ուղղությամբ:
«Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը նկատեց, որ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ հստակ վիճակագրություն պաշտոնատար մարմինները չեն տալիս՝ պատճառաբանելով, թե դա պետական գաղտնիք է:
ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն էլ նշեց, որ ոչ ոք չունի հստակ տեղեկատվություն, թե 1994-ի մայիսի 12-ց մինչ օրս քանի զինվոր է զոհվել ՀՀ և ԼՂ բանակում. «Տարբեր փորձագետներ տարբեր թվեր են նշում` 1200-ից մինչև 2600, և իշխանությունները հստակ տվյալներ չեն տալիս: Մենք չենք ասում՝ բանակն ամբողջությամբ բաց լինի, սակայն այսօր մեզ մոտ փակ, քրեական, կլանային ինչ-որ համակարգ է, որը կոչվում է բանակ` զոնի ռեժիմ է, և մոտ 1500 զոհը դրա ապացույցն է»:
«Հիմնական ծամոնը, որը մենք պարբերաբար լսում ենք պաշտոնյաներից, այն է, թե՝ ի՞նչ եք խառնվել իրար, մի՞թե քաղաքացիական կյանքում սպանություններ տեղի չեն ունենում: Իշխանությունը, փոխանակ բարեխղճորեն հետքններ բանակում սպանության գործերը, փորձում է այդ կերպ ինքնապաշտպանվել»,- հավելեց Բարսեղյանը:
Նա նկատեց, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում բանակային սպանությունների հանրայնացումը խոսում է այն մասին, որ նոր մեդիան գալիս է օգնելու այդ դեպքերի բացահայտումներին: Բարսեղյանը կոչ արեց լրատվամիջոցներին էլ ավելի ակտիվորեն զբաղվել այս թեմաներով և վեր հանել բոլոր դեպքերը. «Նկատում եմ, որ իշխանությունն այնքան է խառնվում իրար, որքան որ հանրային իրազեկումը մեծ է: Facebook-ի աղմուկը չլիներ՝ Աղասի Աբրահամյանի սպանության գործով զինդատախազի և իշխանությունների «հոգացավությունը» այսքան մեծ չէր լինի»:
Բարսեղյանը նաև նշեց, որ, Աստված մի արասցե, եթե իրական սահմանային բախում լինի, ոչ ոք չի կարող ասել, թե բանակում բռնության ենթարկված զինծառայողներն իրենց ինչպես կպահեն մարտի դաշտում` ձեռքին զենք ունենալով և իրենց առջևում տեսնելով այն հանցագործներին, որոնք իրենց նեղում են զորամասում:








































