News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հերքել է WikiLeaks-յան բացահայտումներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե Վրաստանն իր օդային տարածքը հատկացրել է դեպի Հայաստան ռուսական ռազմական բեռների տարանցմանը.
«Դժվար է մեկնաբանել WikiLeaks-յան այդ տեղեկատվությունը, քանի որ մենք այն չենք դիտարկում որպես հավաստի աղբյուր։ Այդ կայքի հրապարակումներին պետք է մոտենալ «զգուշավորությամբ»։ Իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկատվությունը, թե Վրաստանն իր օդային տարածքը հատկացրել է Ռուսաստանին՝ դեպի Հայաստան ռազմական բեռներ փոխադրելու համար։
Այս տարվա ապրիլին Վրաստանի խորհրդարանը չեղյալ հայտարարեց 2006 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի հետ կնքած ռազմական բեռների ու անձնակազմի՝ դեպի Հայաստան տարանցման մասին համաձայնագիրը։
Ռուսաստանը մի քանի անգամ դիմել է Վրաստանին՝ խնդրելով տրամադրել իր օդային տարածքը, սակայն մերժում է ստացել։ Ռուսական ամենավերջին այդպիսի փորձը գրանցվել է 2008 թվականին, ինչը չի բավարարվել վրացական կողմից։ Դրանից հետո այդպիսի դիմումներ չեն եղել»։
Հիշեցնենք, որ WikiLeaks-յան բացահայտումներից՝ 2010 թվականի փետրվարի 17-ով թվագրված, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի՝ Վաշինգտոն ուղարկած հաշվետվության մեջ նշված էր, որ պաշտոնական Թբիլիսին իր օդային սահմանը բացել է դեպի Հայաստան ռուսական ռազմական բեռների փոխադրման համար։











































