«Այս տարի ավելացել են ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված պահանջները` պայմանավորված ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում ասաց Ֆիանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Հաշտարարը ներկայացրել է «Սպառողների ֆինանսական կրթման» ծրագիրը: «Դեռևս 2010 թվականի վերջին Հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ՀՀ-ում սպառողների իրազեկման, կրթվածության մակարդակի բարձրացման ծրագիրը: Դրա հետ կապված՝ ֆինանսական միջոցների հատկացումը կատարվել է մայիսին: Սա շատ կարևոր ծրագիր է, քանի որ ընդգրկում է հասարակության մի քանի թիրախային խմբեր, հիմնական նպատակն է ունենալ իրազեկված սպառողներ՝ բոլոր ոլորտներում: Ֆինանսական ծառայությունից օգտվող մարդիկ կիմանան իրենց իրավունքների և պարտականությունների մասին, կհասկանան ինչպես պետք է պաշտպանել իրենց շահերը, իսկ գերնպատակը ֆինանսական միջնորդության ավելացումն է մեր երկրում»,- պարզաբանեց Ֆինանսական համակարգի հաշտարարը:
Ծրագիրը մշակվել է՝ հիմնականում հաշվի առնելով ՀՀ վիճակագրությունը, բողոքների բնույթը, մարդկանց դժգոհությունները:
Առանձնացվել են 5 թիրախային խմբեր` ավագ դպրոցի աշակերտներ, երիտասարդություն-ուսանողություն, ֆինանսական ծառայությունից օգտվող անձինք, տարեցներ` հիմնականում կենսաթոշակառուներ և ԱՊՊԱ հսմակարգի մասնակիցները` հաշվի առնելով ԱՊՊԱ-ի սոցիալական դերը և նշանակությունը: Յուրաքանչյուր թիրախային խմբի համար մշակվել են առանձին միջոցառումներ: «Սպառողների ֆինանսական կրթման» ծրագրի բյուջեն կազմում է 30 մլն դրամ:









































