Ինչպես The Jerusalem Post-ին ասել է Գալիլեայի և Հեգևի շրջանների զարգացման փոխնախարար Այուբ Քարան, Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սայֆ Ալ-Իսլամը, հոր ռեժիմը փրկելու համար փորձել է կապ հաստատել հրեական պետության ղեկավարության հետ: ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ միջնորդության դիմաց Քադաֆիի որդին առաջարկել է օգնություն 2006 թվից ՀԱՄԱՍ-ի մոտ պատանդ գտնվող զինվոր Գիլատ Շալիտի ազատման հարցում:
Քարան պատմել է թերթին, որ Սայֆ Ալ-Իսլամը դիմել է իսրայելցի փոխնախարարի և իր ընդհանուր ծանոթին Ավստրիայում` առաջարկելով նման «գործարք»: Ընդ որում, Քարան ասել է, որ այդպիսի խնդրանքով հենց ինքը` իսրայելցի փոխնախարարը դիմել էր Սայֆ Ալ-Իսլամին` ապստամբությունը սկսվելուց շատ առաջ` իմանալով ՀԱՄԱՍ-ի հետ նրա կապերի մասին: Քարան նշել է, որ ինքն արդեն պայմանավորվել էր բանակցությունների վերաբերյալ, սակայն իսրայելական իշխանությունները, անվտանգության խնդիրներից ելնելով, արգելել են Քարային այցելել Տրիպոլի:









































