Հայաստանից ժամանած խումբը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում Ղահրամանմարաշի երկրաշարժից տուժած Ադիյամանում, հայտնում է Անադոլու գործակալությունը։ Ղահրամանմարաշի երկրաշարժերից հետո բազմաթիվ երկրներից Թուրքիա են ժամանել որոնողափրկարարական խմբեր, որոնց թվում է Հայաստանից ժամանած փրկարարական խումբը։
Հայաստանի ՆԳՆ որոնողափրկարարական ջոկատի անդամ Գարի Արմաղանյանը ցավակցել է աղետի կապակցությամբ և նշել, որ հատուկ փրկարարական ջոկատն այստեղ է Թուրքիայի միջազգային օգնության խնդրանքին ի պատասխան։
«ՀՀ կառավարության հրահանգով ժամանել ենք Թուրքիա։ Փետրվարի 8-ին, վաղ առավոտյան, Գազիանթեփի օդանավակայանում էինք։ Հետո գնացինք Ադիյաման։ Փետրվարի 8-ից Ադիյամանի տարբեր հատվածներում շարունակում ենք որոնողափրկարարական աշխատանքները։ Ցավոք, փլատակներից ոչ մեկին ողջ փրկել չի հաջողվել։ Մենք շարունակում ենք որոնողափրկարարական աշխատանքները։ Ընդունեք մեր ցավակցությունները։ Թուրք ժողովրդին համբերություն եմ մաղթում. Կարող եք վստահ լինել, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը, պատրաստ է օգնություն ցուցաբերել այս դժվարին օրերին»։
Թուրք-հայկական սահմանի Ալիջան անցակետն այսօր բացվել է 35 տարվա մեջ առաջին անգամ՝ Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Հայաստանից հինգ բեռնատարներ մարդասիրական պաշարներով հայկական պատվիրակության անդամների հետ անցակետով շարժվել են դեպի Թուրքիա։