
Հայաստանում պարբերաբար է հնչում հարցադրում, թե ինչպիսին է լինելու հայ-ռուսական հարաբերությունների ապագան: Այդ հարցադրմանը պատասխանելու փորձն այսօր անիմաստ է, որովհետև դրան պատասխանելու համար պետք է գիտենալ, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի ապագան՝ առնվազն: Ես էլ չեմ խոսում իհարկե Հայաստանի ապագայի մասին: Եվ խնդիրը իհարկե այստեղ լավ ու վատը չէ, այսինքն լավն է լինելու այդ ապագան, թե վատը, ժողովրդավարակա՞ն, թե՞ ամբողջատիրական, և այլն, և այլն: Պետք է հասկանալ այդ ապագայի բովանդակությունը, տնտեսական, քաղաքական, հասարակարգային, արժեհամակարգային, մշակութային և այլն: Այդ հարցերի պատասխանը այսօր լինել չի կարող: Հայաստանը պետք է որոնի դրանք և պատրաստվի:
Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է կատարի այդ պատասխանները գտնելուն ուղղված հետևողական ու երկարատև հետազոտական, վերլուծական աշխատանք, մշակումներ, որոնք թույլ կտան կազմել տարբեր սցենարներ և պատրաստ լինել Ռուսաստանում այս կամ այն իրավիճակին: Իսկ իրավիճակը Ռուսաստանում իհարկե փոխվելու է Ուկրաինական պատերազմը չի կարող փոխել իրավիճակը Ռուսաստանում: Բայց ինչպե՞ս, ահա սա է խնդիրը: Եվ այդ հարցի պատասխանը նույնիսկ Ռուսաստանում այսօր ունի թերևս մի քանի անձ, ընդ որում ամենևին չերաշխավորված, «չապահովագրված» պատասխան, որովհետև դա էլ իր հերթին կախված չէ միայն Ռուսաստանից, այլ նաև արտաքին դերակատարների հետ կապված մի շարք գործոններից՝ Չինաստանից մինչև Միացյալ Նահանգներ և այդ «արանքում» եղած բազմաթիվ այլ դերակատարներ:
Հայաստանի մասով, թե հայ-ռուսական, թե որևէ այլ ուղղությամբ հարաբերության ապագա կախված է Հայաստանի ներքին որակներից, կառավարման ինստիտուցիոնալ արդյունավետությունից և հասարակական համակեցության կայուն միջավայր ապահովող այլ ինստիտուցիոնալ ու արժեհամակարգային իրողություններից: Ընդհանրապես, աքսիոմատիկ է թերևս այն, որ Հայաստանի արտաքին որևէ հարաբերություն կախված է լինելու Հայաստանի ներքին որակներից: Դրանք են ապահովելու այն ճկունությունը, ընդ որում ինստիտուցիոնալ ճկունությունը, որ Հայաստանին պետք է լինելու տարբեր խոշոր դերակատարների հետ հարաբերություն կառուցելու համար, քանի որ այդ դերակատարները էապես տարբեր են իրենց բնույթով ու տրամաբանությամբ, իրենց ոճերով, իրենց հավակնություններով և աշխարհընկալումներով: