
2022 թվականի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 14,2 տոկոս, որը աննախադեպ է Հայաստանի ամբողջ պատմության համար: Սա անկասկած խիստ ողջունելի հանգամանք է, որը սակայն գլխարկներն օդ թռցնելու փոխարեն, Հայաստանի տնտեսական քաղաքականության և ընդհանրապես կառավարման պատասխանատուների համար պետք է լինի գլուխները կախ աշխատելու հրամայական: Որովհետև, տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշը թերևս ոչ այնքան կառավարության աշխատանքի, որքան ՌԴ հանդեպ պատժամիջոցների և դրա հետևանքով այսպես կոչված «ռելոկացիոն» գործընթացի արդյունք է: Ըստ տարբեր ոչ պաշտոնական և ճշգրիտ գնահատականների, այդ գործընթացի շնորհիվ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մոտ 3 միլիարդ դոլար: Ի դեպ, նաև զգալիորեն դրա ազդեցությունն է Հայաստանում դոլարի փոխարժեքի զգալի նվազումը, որը էական խնդիրներ է առաջացրել Հայաստանի արտադրողների և այդ արտադրանքը արտահանողների համար: Եթե կարճ ժամանակահատվածում երկիր է հոսում ահռելի քանակի արտարժույթ, ապա դրա տնտեսական վիճակագրական էֆեկտը անխուսափելի է: Ընդգծեմ, խոսքը բոլորովին այն մասին չէ, որ Հայաստաի կառավարությունը բացարձակ անմասն է տնտեսական աճից:
Խոսքն այն մասին է, որ ռեկորդային ցուցանիշի հետ կառավարությունը չունի կապ և դեռ մեծ հարց է, թե ինչպիսին էր լինելու տնտեսական աճի ցուցանիշը, եթե չլիներ Ռուսաստանից ռելոկանտների և նաև զորակոչից խուսափող քաղաքացիների մեծ հոսքը՝ ֆինանսներով հանդերձ, ու եթե չլիներ ՌԴ հանդեպ պատժամիջոցների շնորհիվ առաջացած այլ տնտեսական էֆեկտների համախումբը, օրինակ ավիացիայում կամ ապրանքների ու ծառայությունների այլ ուղղություններում, որոնք այդ թվում Հայաստանը դարձրին ռուսական փակված տնտեսության «օդանցք»: Մեծ հաշվով, Ռուսաստանին մոտ երկրները, այդ թվում Հայաստանը, ՌԴ հանդեպ պատժամիջոցներից հետո իրենց տնտեսական աչի տեսքով համամասնորեն զգում են ՌԴ տնտեսական անկման «էֆեկտը»: Իսկ դա անոմալ վիճակ է, որքան էլ գայթակղիչ է և հարմարավետ: Իսկ անոմալ վիճակները չեն կարող լինել կայուն ու կանխատեսելի, չեն կարող դառնալ տնտեսական աճի կայուն ու ինստիտուցիոնալ հենք: Եվ ավելին, դրանք կարող են տնտեսության և տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար ունենալ թմրեցնող ասեղի «էֆեկտ»:
Հայաստանի առաջ ներկայումս այդ մարտահրավերն է, ընդ որում, ինչպես եղել է մեկ անգամ էլ, իհարկե այլ աշխարհաքաղաքական իրոողությունների բերումով, սակայն դարձյալ՝ Ռուսաստանից տրանսֆերտների գերաճի շնորհիվ: Դա 2005-2007 թվականներն էին, երբ Հայաստանի տնտեսությունն այդ օրվա իշխանությունը բնորոշում էր «վագրային թռիչքով», որի վայրէջքը սակայն խիստ ցավոտ էր արտաքին կոնյուկտուրայի փոփոխությունից հետո: Կրկնությունից խուսափելու համար, տնտեսական երկնիշ ռեկորդային աճը Հայաստանի կառավարությունը պետք է օգտագործի ինստիտուցիոնալ ռեֆորմների համար, որոնք կապահովեն Հայաստանի տնտեսական երկարաժամկետ դիմադրունակություն և հնարավորինս կապահովագրեն տնտեսությունը արտաքին կոնյուկտուրայի հնարավոր փոփոխություններից, որպեսզի որևէ վայրէջքի անհրաժեշտության դեպքում այն չլինի վթարային և կատարվի փափուկ, առանց տնտեսական ցնցման: Ի վերջո,, շաբաթներ առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ինքն էր խոստովանել, որ չնայած տնտեսական աճին, աճել է նաև աղքատությունը: Իսկ դա տնտեսական իրողությունների առանցքային ցուցիչ է, որովհետև, եթե տնտեսական աճը չի ծառայելու հանրության բարեկեցության շրջանակի աճին, այլ պարզապես ավելի է հարստացնելու հարուստներին կամ ունևորներին, ապա դա ևս լուրջ խնդիր է, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալ-հոգեբանական: Ըստ այդմ, կառավարող մեծամասնության անդամները «գլխարկներ թռցնելու» փոխարեն պետք է զբաղվեն տնտեսության ռեֆորմացիայի, աճի որակական ամրապնդման և բաշխման արդյունավետության խնդիրների ուղղությամբ: Աճը խոշոր հաշվով կախված չի եղել իրենց փայլուն աշխատանքից, բայց միմիայն իրենց աշխատանքից է կախված լինելու տնտեսական թռիչքի հետագա կայունությունը և նաև կայուն «վայրէջքունակությունը»: Ի վերջո, տնտեսության ցիկլերը ենթադրում են անխուսափելի վայրէջքներ և տնտեսությունների պատասխանատուները գործում են ոչ թե դրանք բացառելու, այլ դրանց վթարային բնույթն ու կոշտությունը չեզոքացնելու տրամաբանությամբ: