2005թ. հունիս ամսին, երբ Հայաստանում ակտիվ քննարկվում էր Իրանից Հայաստանի նավթամուղի կառուցման և դրա պատկանելության հարցը, Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն ամերիկացի դիվանագետներին ասել է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է կախված լինել Իրանի, քան ռուսական գազի մատակարարումից և հենց դա է ակնկալում ընթացող բանակցություններում: Այս փաստաթուղթը օրերս հայտնվել է WikiLeaks կայքում:
Փոխնախարարը պատմել է ռուսական և իրանական կողմերի հետ այդ օրերին ընթացող բանակցությունների մասին` նշելով, որ երկու կողմն էլ ցանկանում է վերահսկել այդ խողովակաշարը: Ուշագրավ են փոխնախարարի այն հայտարարությունները, համաձայն որոնց` երկարաժամկետ կտրվածքով` 3-5 տարի հետո, Հայաստանն ակնկալում է հրաժարվել ռուսական գազային մատակարարումից` հօգուտ իրանականի:
Գալստյանը նշել է մի քանի վտանգներ, որոնք կապված են Ռուսաստանից գազի մատակարարումների հետ.
• Գազատարի ֆիզիկական անվտանգությունն ու սպասարկումը:
• Վրաստանն այդ ժամանակ ձգտում էր այլընտրանքային գազ ստանալ Բաքվից, իսկ դրանից հետո գազատարի շահագործումը Հայաստանի կողմից միայնակ արդեն անեկամտաբեր կլիներ:
• Գազատարի ապագայի վրա կարող էին ազդել ռուս-վրացական լարված հարաբերությունները:
• Առևտրի միջազգային կազմակերպությանն անդամագրվելուց հետո Ռուսաստանն ի վիճակի չէր լինի էժան գազ տրամադրել Հայաստանին:









































