РИА Новости-ի փոխանցմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի համար վիճել են Դուշանբեում տեղի ունեցող ԱՊՀ հոբելյանական գագաթնաժողովում։
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն գագաթնաժողովում նշել է. «Ես չէի ցանկանա այսօր պղտորել այս հոբելյանական նիստը, սակայն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահի ելույթն ինձ ստիպում է դա անել»։
Նշվում է, որ Ադրբեջանի վարչապետը երկու անգամ խոսքի իրավունք է խնդրել, քանի որ նրա առաջին ելույթից հետո Լեռնային Ղարաբաղին առնչվող հայտարարությամբ հանդես է եկել Սերժ Սարգսյանը։ Վերջինս ընդգծել է, որ 20 տարի առաջ այս օրերին Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը։ Սարգսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լիակատար հիմնավորմամբ օգտագործել է ինքնորոշման իր իրավունքը և արյան գնով վաստակել անկախ գոյակցելու իրավունքը։
Արդեն մեկնաբանելով Սարգսյանի ելույթը՝ Ադրբեջանի վարչապետ Ռասիզադեն նկատել է. «Ես կարծում եմ, որ այստեղ ներկա գտնվողներից շատերը քիչ թե շատ ծանոթ են ղարաբաղյան հիմնախնդրին, և հուսով եմ, որ այս ելույթն առնչվել է ներկաների այն հատվածին, որը տեղյակ չէ այս խնդրից, կամ էլ այն հիմնականում ուղղված է եղել ներքին լսարանին։ Այլապես ինչի՞ համար է Մինսկի խումբը, ինչի՞ համար են այլ նախաձեռնությունները»։
Ռասիզադեն չի մոռացել հնչեցնել արդեն վաղուց ավանդական համարվող «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի զավթման» և «1 միլիոն ադրբեջանցի փախստականների ու հարկադիր վերաբնակների» մասին հերյուրանքները։
Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում նշվում էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է մասնակցի Դուշանբեի հոբելյանական գագաթնաժողովին։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այնտեղ Ադրբեջանը ներկայացնելու է ոչ թե Ալիևը, այլ՝ Ռասիզադեն։
Այս կապակցությամբ Ռուսական Независимая газета թերթը գրեց, որ Ալիևը Ղարաբաղի պատճառով է հրաժարվել Դուշանբեի գագաթնաժողովին մասնակցելուց. «Չգիտես ինչու, պաշտոնական Բաքուն սկզբնական շրջանում հաստատելով Դուշանբեի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցությունը, դրանից 3 օր անց մտափոխվեց։
Ենթադրվում է, որ պատճառը Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձախողված բանակցություններն են։ Ալիևի այդ դեմարշը գլխավորապես պայմանավորված է ղարաբաղյան բանակցային գործընթացի վերջին զարգացումներով։
Ասում են, թե Բաքուն դժգոհ է միջնորդների դիրքորոշումից և մասնավորապես նրանից, որ նրանք ճնշումներ չեն բանեցնում Հայաստանի վրա, որը գրեթե 20 տարի շարունակ տիրում է Ադրբեջանի «օկուպացված» տարածքներին։
Փորձագետներն Ալիևի այս քայլը որակում են որպես Մոսկվային հասցեագրած ազդանշան. Ռուսաստանը դադարում է հակամարտությունների կարգավորման հարցում գործընկերների աչքում միջնորդ լինելուց»։







































