Լրագրողների հետ հանդիպմանը տեր Թովմա քահանա Անդրեասյանը ներկայացրեց Բարեկենդանի խորհուրդը՝ ասելով, որ Բարեկենդանը պահքից առաջ է, որ կարողանան դիմակայել սննդի պակասին: Նա պարզաբանեց, որ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Սուրբ Խաչի տոնին Բարեկենդանին, որն այս կիրակի է տոնվում, հաջորդում է պահքը: Սուրբ Խաչը հինգ տաղավար տոներից վերջինն է:
Տեր Թովմայի խոսքով, Խաչվերաց տոնի ու Զատիկի շատ արարողակարգեր իրար նման են: Ժողովուդը մոտենում, համբուրում է խաչը՝ երկրպագություն հայտնելով խաչին:
Տեր Թովման ասաց, որ Բարեկենդանին կարծես բոլորը հավասար են եղել, վերացել են սոցիալական բոլոր սահմանները: Նա պարզաբանեց, որ Բարեկենդանի հիմքը հեթանոսական է, սակայն Գրիգոր Լուսավորիչը այդ տոնակատարութան մեջ որևէ վատ բան չտեսավ: Նույնը վերաբերում է Վարդավառին ու Խաղողօրհնեքին:
Ազգագրագետ ՌաֆայելՆահապետյանի խոսքով, Բարեկենդանը տարբեր կերպ է նշվել ու տարբեր ժամանակներում: Հիմնականում նշվել է կիրակի, եղել են ուրախ հանդիսություններ, բայց օրինակ` Քեսաբում ուրբաթ օրն է նշվել: Բարեկենդանը սովորաբար նշանավորել է աշնան գալուստը: Մեր գավառներում դա նշվել է ամենուրեք, հաջորդ օրը եղել է մեռելոց, Բարեկենդանին եղել են ձիավարժություններ, այն շքեղ է նշվել:
Ըստ ազգագրագետի` Բարեկենդանն ունի պատմական արմատներ և նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած հատվածում: «Սա բերքի հավաքման, բերքի ամբարումն ավարտելու, աշնանամուտը սկսելու արարողություն է»,- ասաց ազգագրագետը՝ հավելելով. «Տոնի արմատները ժողովրդական հիմք ունեն, այն ժողովրդի համար իմաստուն տոն է»:
Նահապետյանի խոսքով, սա եկեղեցական այն տոնն է, որը հավասարաչափ նշվել է սփյուռքում ու հայկական գավառներում: Բարեկենդանին զոհաբերվել է ուլ կամ այծ, տեղեկացրեց ազգագրագետը, որի նպատակը չար ոգիներին պատժելն է եղել: Այս տոնը կոչվել է նաև Ուլնոց՝ ասաց ազգագրագետը:







































