Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայից դիմել է Թուրքիային ու Իսրայելին՝ նրանց կոչ անելով կարգավորել իրենց հարաբերությունները և ընդունել «Ազատության նավատորմ»-ի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում տեղ գտած խորհուրդները.
«Ես անկեղծորեն հուսով եմ, որ Իսրայելն ու Թուրքիան կբարելավեն իրենց փոխհարաբերությունները։ Երկու երկրներն էլ մեծ կարևորություն են ներկայացնում տարածաշրջանում։ Նրանց հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի տեսանկյունից։ Երկու երկրներն էլ սահմանակցում են Սիրիային, ուր արդեն մի քանի ամիս է, ինչ չեն դադարում հակակառավարական ելույթները»։
Միևնույն ժամանակ, Բան Կի Մունը հրաժարվել է մեկնաբանել ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի պատրաստած զեկույցի հրապարակումը, որն առնչվում է «Ազատության նավատորմ»-ի միջադեպին. «Ես միայն ցանկանում եմ, որ նրանք բարելավեն իրենց հարաբերությունները և անեն իրենցից կախված ամեն ինչ՝ հանձնաժողովի խորհուրդները կատարելու համար»։
Հիշեցնենք, որ 105 էջից բաղկացած ՄԱԿ-ի զեկույցը պատրաստվել է դեռևս մի քանի ամիս առաջ, սակայն դրա հրապարակումը բազմիցս հետաձգվել էր այդ միջադեպից հետո Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման փորձերի պատճառով։









































