Օգոստոսի 11-ին Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծնված նորածինը արհեստական շնչառության շնորհիվ դեռ գոյատևում է, սակայն ինչքա՞ն կապրի նորածինը և կապրի՞ արդյոք` հայտնի չէ:
Հիշեցնենք, որ բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը օգոստոսի 11-ին ծննդաբերության համար իրենց մոտ տեղափոխված, Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի կնոջ հարազատներին հորդորել էր մի քիչ էլ սպասել, մինչև ինքը իր բուրդը կչփխի ու կգա ծնունդն ընդունելու: Ավելին, ըստ ծննդկանի հարազատների` երեխայի ծնվելուց հետո բժշկուհին հայտարարել է, թե ինքը գնում է, երբ երեխան մահանա, թող զանգեն, որ գա տեսնի, թե ինչու թոք չունի: Վերը նշված մեղադրանքի շուրջ զրուցեցինք Մետաքսյա Հովհաննիսյանի հետ:
– Ես հերքում եմ այդ մեղադրանքները: Դրանք անհիմն, անգրագետ արտահայտություններ են: Ես դա շոու եմ համարում և պատասխան եմ տալիս իմ բառերի համար: Դա շոու է:
– Կա լուրջ մեղադրանք և Ձեր կողմից ընդամենը, կոպիտ ասած, թեթև հերքում: Ինչպե՞ս հավատանք կամ «եթե սա շոու է», ինչո՞վ է այդ մարդկանց ձեռնտու: Նրանք մինչ այդ Ձեզ հետ խնդիրներ ունեցել են: Ինչպե՞ս հավատամ Ձեզ:
– Ես 30 տարի է այստեղ աշխատում եմ, հարգված եմ բոլորի կողմից և աշխատելու եմ: Առողջապահության նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, ինչի արդյունքում կզննվի ծննդաբերության տեսքը, արդյոք բժշկական սխալ արվե՞լ է, թե՞ ոչ: Ինձ` որպես բժիշկ, ևս հետաքրքրում է` ես իմ գործում թերացե՞լ եմ, թե՞ ոչ, մնացածը շանտաժ է: Ավելին` ես դատի եմ տալու շանտաժ անողներին, այն երկու մարդկանց, ովքեր խոսում էին ինտերնետով` այն կնոջը և տղամարդուն: Ասեմ ավելին` նրանց նկատմամբ արդեն դատական գործ եմ հարուցել: Ինչ վերաբերում է նրանց հետ խնդիրներ ունենալուն, ես Ձեզ բաց և անկեղծ ասեմ` 4 տարի առաջ ծննդաբերել է այդ ալկոհոլիկի, թմրամոլի պիտակով հայտնի մարդու հարսը: Ծննդաբերությունը դժվարացել է: Բաժնի շարքային բժիշկը ինձ` որպես բաժնի վարիչի, մոտեցել է, և ես ասել եմ, որ ճիշտ է կեսարյան հատում անելը, որովհետև ծննդաբերությունը ձգձգվելու էր, ինչի արդյունքում երեխան կարող էր տուժել: Կեսարյան անող անձնակազմին հավաքել ենք, և ես հետո գնացել եմ տուն: Հետո, ինչ-ինչ պատճառներով մյուս բժիշկները որոշել են ընդունել ծնունդը` առանց կեսարյան հատման: Ծնունդը ընդունել են, և ինձ մեղադրում են այն բանի համար, թե ես ինչու եմ ասել կեսարյան հատում արեք և թողել գնացել եմ տուն: Պատճառն այն է, որ ծննդաբերությունը ձգձգվել է, երեխան խեղդված է ծնվել, բայց վերակենդանացրել են:
– Ծննդաբերողի հարազատները նաև հավատացնում են, որ Դուք սպառնացել եք, որ Ձեր եղբայրը ԿԳԲ-ի աշխատող է, հետևաբար նրանց տանը զենք կգցեն և կձերբակալեն:
– Ես ինքս բնիկ երևանցի եմ և Վայքում հարազատներ չունեմ: Եղբայրս մայորի կոչում ունի և 2 տարի է չի աշխատում: Նա աշխատել է տրանսպորտային վարչությունում, որը երկու տարի է չի գործում, հետևաբար եղբայրս գործազուրկ է:
– Ճիշտ հասկացա՞, որ Ձեզ աշխատանքից ազատվելու պահանջ չեն ներկայացրել, և Դուք շարունակելու եք աշխատել Ձեր ներկայիս պաշտոնում:
– Առանց նախարարության ստեղծած հանձնաժողովի եզրակացության` ոչ ոք իրավունք չունի բժշկին ասել` դու ազատված ես աշխատանքից, կամ բժիշկը սխալ է թույլ տվել: Երբ հանձնաժողովը պարզի, որ ես սխալ եմ թույլ տվել կամ ինչ աստիճանի սխալ է, նոր ըստ այդմ կորոշեն` հեռացնել, թե` ոչ:
– Դուք ներկա պահին վստահ եք, որ սխալներ թույլ չեք տվել: Նախարարության առաջիկա եզրակացությունը Ձեզ վախեցնո՞ւմ է, թե՞ ոչ:
– Բժշկական առումով նախարարությունում ինձանից ավելի գրագետ մարդիկ կան, և իրենք կորոշեն` սխալ թույլ տվել եմ, թե` ոչ: Ինչ վերաբերում է մտավախությանը` ասեմ, որ ամեն մարդ էլ իր գործում, իհարկե, մտավախություն ունի, եթե պրակտիկ, աշխատող բժիշկ է: Ոչ մի աշխատանք առանց թերությունների չի լինում: Բայց որ ես կոպիտ բժշկական, 100 տոկոս սխալ թույլ չեմ տվել, և որ այդ կոպիտ բժշկական սխալի պատճառով չի երեխայի այսօրվա այս վիճակը` ես դրանում համոզված եմ: Իսկ եթե դեղորայքի հետ կապված մանր-մունր խնդիրներ կան, ոչինչ չեմ կարող ասել` դա հանձնաժողովը կորոշի: Ես, օրինակ, գտել էի, որ պետք է արվի անալգին-դեմիդրոլ, և արել էի: Հիվանդատերը ասում է, թե դրանով երեխային թմրեցրել և այդ օրն ենք գցել: Իսկ մոր և մանկան գծով նախարարի տեղակալ Կարինե Սարիբեկովնան ասում է, որ անալգինն ու դեմիդրոլը չի ազդում երեխայի-պտղի վիճակի վրա: Հետևաբար` համոզված եմ, որ ոչ մի կոպիտ սխալ թույլ չեմ տվել, և իմ սխալի պատճառով չի, որ երեխան այդ վիճակում է: Ես երեխայի ներկա վիճակը պայմանավորում եմ երեխայի պարանոցին պորտալարի երեք անգամ փաթաթվելով: Այդտեղ իմ մեղավորությունը չկա, ես չեմ կարող ձեռքով շոշափելով դա դիագնոզել, և ոչ մի բժիշկ չի կարող ձեռքով շոշափելով զգալ, որ այդտեղ պորտալարի փաթաթան կա:
– Ամեն դեպքում Դուք շատ հպանցիկ պատասխան տվեցիք բուրդ չփխելու մեղադրանքին և այն հանգամանքին, որ ասել եք, թե երբ երեխան մահանա, Ձեզ կանչեն, որ ստուգեք, թե ինչու թոք չունի:
– Ես հերքում եմ կրկին: Ինչքան անգրագետ պետք է լինի բժիշկը, որ իրեն դնի դիահերձող դատական բժշկի տեղ: Դա արվում է դիահերձողների կողմից, ես մանկական բժիշկ եմ և դիահերձմանը չեմ տիրապետում: Հետևաբար` ես չէի կարող արտասանել այդ բառերը: Իսկ ինչ վերաբերում է բուրդ չփխելուն` ամոթ էլ է, որ ասեմ, բայց ճիպոտ իմ ձեռքը բռնած չկամ:







































