«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ընտրությունը կապված է մի քանի գործոնների հետ: Բացի այն, որ պետք է բարձր որակավորում ունեցող մարզիչ ունենանք, պետք է նաև հասկանանք թեկնածուների մոտիվացիան: Հարցազրույցների ընթացքում փորձում ենք պարզել՝ արդյոք նրանք գիտակցում են գալիք ընտրական փուլի կարևորությունը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի համար: Նախընտրում ենք ֆուտբոլի հավաքականի մարզչի ընտրությունը կատարել ավելի ուշ, բայց վստահ լինել, որ դա ճիշտ ընտրություն է: Մենք ուզում ենք վստահ լինել, որ հավաքականի գլխավոր մարզիչը գիտակցում է հայկական ֆուտբոլի զարգացման կարևորությունը»,- ՀՖՖ-ի 23-րդ ժողվովում երեկ ասաց կառույցի ղեկավար Արմեն Մելիքբեկյանը։ Չմոռանանք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է գալիք տարվա մարտին։ Հենց մեկնարկային տուրում մեր հավաքականը Երևանում մրցելու է Թուրքիայի հավաքականի հետ։ Չմոռանանք նաև, որ ՀՖՖ-ն ազգայի հավաքականի առաջ խնդիր է դրել նվաճել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իրականում ի՞նչ ներուժ ունի մեր ազգային թիմը և իրատեսական է արդյոք Եվրոյի ուղեգրի համար պայքարելը։
Ի՞նչ է ժառանգելու մեր հավաքականի նոր մարզիչը Թուրքիայի դեմ խաղից առաջ։ Խոսենք թերևս թվերով և փաստերով։ Անցյալ տարի Հայաստանի հավաքականի ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլում դժգոհության ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընտրական J ենթախմբում 10 խաղում վաստակելով 12 միավոր զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Բոլորս էինք սպասում, որ Հայաստանի հավաքականը կկարողանա նվաճել գոնե աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր, բայց․․․։ Եթե այս արդյունքը համեմատենք մեր հավաքականի նախորդ ընտրական փուլերում գրանցած արդյունքների հետ, ապա այն պետք է գնահատենք բավարար։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեր հավաքականը ավարտել էր ընդամենը 2 միավորով։ Եվ ընդհանրապես Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում ընդամենը չորս անգամ է հաջողվել խմբային մրցաշարում վաստակել 10 և ավելի միավոր։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեզ հաջողվել էր վաստակել 10 միավոր։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարդան Մինասյանի գլխավորությամբ մերոնք վաստակել էին 13 միավոր։Լավագույն արդյունքը Հայաստանի ազգային թիմը գրանվել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակելով 17 միավոր։ Ստացվում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը ցույց տվեց իր պատմության 3-րդ լավագույն արդյունքը։ Այն բավական բարձր է նաև տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով։ Եվ այսպես, հարևան Վրաստանը, որն ընդգրկված էր B խմբում 8 խաղում վաստակելով 7 միավոր մրցաշարն ավարտվեց նախավերջին՝ 4-դր հորիզոնականում։ Ճիշտ է վերջին խաղում վրացիները Թբիլիսում 2։0 հաշվով հաղթեցին Շվեդիային, բայց ընդհանուր առմամբ բավական ուժեղ կազմ ունեցող հավաքականի ելույթը կարելի է գնահատել վատ։ Չմոռանանք, որ Հայաստանի հավաքականը 2020 թվականին կայացած Ազգերի լիգայում վրացիների հետ ընդգկված էր նույն խմբում։Չեզոք դաշտում 2։2 խաղալուց հետո մեր հավաքականի Վրաստանին՝ Թբիլիսիում հաղթել էր 2։1 հաշվով։
Ադրբեջանի ազգային թիմը A խմբում 8 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր զբաղեցրել է վերջին՝ 5-րդ հորիզոնականը։ Գրանցված արդյունքը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն։ Ամփոփելով ընտրական մրցաշարը կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականն մեծ առավելություն ունեցավ վրացիների և ադրբեջանցիների նկատմամբ։ Տարածաշրջանում մեր հավաքականը զիջեց թերևս Թուրքիային։ Վերջինս G խմբում 10 խաղում վաստակելով 21 միավոր զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն երրորդն էր։ Նշենք, որ ԱՊՀ երկրների հավաքականներից ոչ մեկին չհաջողվեց ընտրական խմբում հաղթող ճանաչվել։
Վիճակագրական տվյալները վկայում են, որ չնայած ընդհանուր անհաջողության Հայաստանի ազգային հավաքականը տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով գրանցել է բարձր արդյունք։ Այն լուրջ նախադրյալ է հավատալու համար, որ մեր ազգային թիմը ունի պոտենցիալ պայքարելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգրի համար։







































