
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի ինքնապաշտպանության ամրապնդման նոր նպատակներ է դրել: Այս մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Ըստ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստի ընթացքում Կիմ Չեն Ընը հանդես է եկել զեկույցով, որում վերլուծվել է Կորեական թերակղզում ստեղծված «նոր բարդ իրադրությունը», ինչպես նաև միջազգային քաղաքական ներկա իրավիճակը։
«Ես նոր առանցքային նպատակներ եմ դրել ինքնապաշտպանության ամրապնդման նպատակով, որոնց հասնելու համար մեծ ջանքեր պետք է ներդրվեն 2023 թվականին՝ ի պատասխան բարդ իրավիճակի փոփոխման», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև «նշել է 2022 թվականին սոցիալիստական մշակութային շինարարության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ գիտության, կրթության և առողջապահության ոլորտներում ձեռք բերված հաջողություններն ու փորձը բազմապատկելու սկզբունքներն ու ուղիները»։
CNN-ը նշում է, որ այս տարի Հյուսիսային Կորեան ավելի քան 90 թևավոր և բալիստիկ հրթիռներ է փորձարկել: Չնայած փորձարկումները նոր չեն, սակայն դրանց հաճախականությունը մեծ լարվածություն է առաջացրել տարածաշրջանում: 1984 թ.-ից ի վեր իրականացված ավելի քան 270 հրթիռային և միջուկային փորձարկումների մեկ քառորդից ավելին բաժին է ընկնում այս տարվան: