«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ Հայաստանը պետք է ձեռնարկի կոշտ միջոցներ, ընդհուպ ռազմական գործողություններ՝ Լաչինի միջանցքը բացելու և Հայաստան-Արցախ կապը վերականգնելու համար: Այն, որ Հայաստանը պետք է ձեռնարկի առավելագույնը՝ Արցախը շրջափակումից ազատելու և կապը վերականգնելու համար, կասկածից վեր է և չի կարող լինել երկրորդ կարծիք: Բայց, երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողություններին, ապա դա ըստ էության այն է, ինչին թերևս սպասում է Ադրբեջանը: Ըստ էության, Լաչինի միջանցքում ներկայումս վճռվող հարցերի շարքում առանցքայիններից է թերևս հենց այն, թե արդյո՞ք Կովկասը կանգնելու է նոր ու ավելի մեծ պատերազմի առաջ: Իսկ Հայաստանի ու Արցախի խնդիրը դրանից խուսափելն է, հաշվի առնելով ուժերի այն հարաբերակցությունը, որ կա այսօր թե ռազմական առումով, թե նաև ռազմա-քաղաքական, նկատի ունենալով առաջին հերթին այն, որ Կովկասի պատերազմի «մոտիվը» անշուշտ Իրանն է, իսկ Իրանի հանդեպ այդօրինակ ճնշման շահառուների շրջանակը՝ բավականին լայն:
Հայաստանը գործնականում հերթական անգամ Արցախի հետ միասին մնալու է այդ շրջանակի դեմ մենակ: Եթե ուժերի հարաբերակցությունը լիներ այլ, ապա ընդդիմադիր պատգամավորի «հորդորը» անշուշտ կլիներ միանգամայն ռացիոնալ, քանի որ Բաքուն բավականին երկար կմտածեր, եթե իրատեսական դիտարկեր ընդհուպ ուժային պատասխան ստանալը: Բայց, իրավիճակն այնպիսին է, որ Բաքուն այսօր թերևս սպասում է հենց այդպիսի «պատասխանի», կամ գուցե սպասում են նրան, որոնք ռեգիոնում լուծում են ավելի մեծ խնդիրներ, և ներկայիս դրությամբ դրանցից առանցքայինը՝ Իրանի խնդիրը: Ըստ ամենայնի, ընդդիմադիր պատգամավորն ինքն էլ թերևս շատ լավ պատկերացնում է խնդրի էությունը և իրավիճակի նրբությունը, իսկ հայտարարությունը հնչում է զուտ «ընդդիմադիր կարգավիճակի բերումով»: Բուն խնդիրը սակայն դա չէ, այլ գործնականում այն, որ առկա իրավիճակը արտացոլում է հայկական քաղաքականության համապարփակ ճգնաժամը, որի համար պատասխանատու են հետպատերազմյան քաղաքական իրավիճակում առանցքային դերակատար ուժերը՝ թե իշխանությունը, թե խորհրդարանական ընդդիմությունը:











































