ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում՝ սենատում, վերընտրվել է դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը։ Երեքշաբթի օրը Ջորջիա նահանգում ունեցած դժվարին պայքարի երկրորդ փուլում Ուորնոքը հաղթեց մրցակցին և ամրապնդեց դեմոկրատների թիմային հաղթանակը՝ 51-ը 49-ի դիմաց։ Դեմոկրատները սենատում ստացան կուսակցական մեծամասնություն։
Վերջին երկու տարում դեմոկրատները հաղթել են սենատի երեք ընտրություններում։ Դեմոկրատներն անցած ամսվանից արդեն վերահսկում էին սենատը՝ ապահովելով 50 մանդատ, ինչը թույլ կտար փոխնախագահ Քամալա Հարիսին վճռորոշ ձայն ունենալ, ինչպես հիմա:
Սակայն երեքշաբթի Ուորնոքի հաղթանակի շնորհիվ 51-րդ տեղը գրավելը կարևոր առավելություններ ունի սենատը ղեկավարող դեմոկրատների և նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար: