Ինչպես այսօր գրում է ալժիրյան Al-Watan թերթը, այդ երկրի նախագահ Աբդ Ալ-Ազիզ Բուտեֆլիկան հրաժարվել է երկիր թողնել Մուամար Քադաֆիին, չնայած այն հանգամանքին, որ Քադաֆիի կինը և նրա երեք երեխաներն անցած շաբաթ մուտք էին գործել այդ երկիր: Թերթի տեղեկություններով` Բուտեֆլիկան ստացել է հեռախոսազանգ անձամբ Մուամար Քադաֆիից, սակայն Ալժիրի նախագահը հրաժարվել է խոսել նրա հետ:
«Քադաֆին փորձել է կապվել Բուտեֆլիկայի հետ հեռախոսով, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել զանգը: Այդ ժամանակ նախագահի խորհրդականը ներողություն է խնդրել Լիբիայի ժողովրդի առաջ` պատճառաբանելով այդ մերժումը նախագահի բացակայությամբ»,- ասել է Ալժիրի նախագահի աշխատակազմում թերթի աղբյուրը: «Սա առաջին անգամ չէր, որ Քադաֆին և որոշ նրա ներկայացուցիչներ փորձել են կապվել նախագահի հետ: Սակայն Ալժիրի իշխանությունների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ պարզ է և չեզոք. մենք հրաժարվում ենք միջամտել Լիբիայի գործերին»,- ասել է աղբյուրը:
Ինչ վերաբերում է Քադաֆիի ընտանիքի` Ալժիրում գտնվելու հարցին, ապա աղբյուրն ասել է, որ ընտանիքի տեղափոխման հարցը համաձայնեցվել է ապստամբների ղեկավարության հետ:











































