Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Արենի 1» քարայրի արշավախումբը շարունակում է պեղումները: Մեկ ամիս է, ինչ աշխատում են քարայրում: Պեղաշրջանն սկսվել է, աշխատանքն իրականացվում է այն նույն քարայրում, որտեղ ամերիկյան և իռլանդական հնագետներից բաղկացած արշավախումբը անցած տարի հայտնաբերել էր աշխարհի ամենահին կոշիկը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ երեկ է վերադարձել Արենիից, որտեղ կատարվում են շերտագրական աշխատանքներ:
«Բացում ենք դրանք, որ հասկանանք՝ ինչ նյութեր են, ինչ կառույցներ, ինչ մնացորդներ են մնացել: Դաշտային աշխատանքների նախնական արդյունքները կիմանանք աշնան վերջին: Այն նյութերը, որոնք անհրաժեշտ կլինեն ուղարկել լաբորատոր քննության, կուղարկենք անալիզի, կմշակենք: Հիմա դեռ ընթացքի մեջ ենք»,- տեղեկացրեց նա՝ նշելով, որ դրա համար ժամանակ է հարկավոր։








































