«Ես չեմ վստահում այն հայտարարություններին ու հավաստիացումներին, թե պայքար է գնում կոռուպցիայի դեմ, քանզի եթե իսկապես համակարգային պայքար լիներ, ապա կզգացվեր: Կարծում եմ, որ Օհանյանի ձերբակալությունը իշխանական, մասնավորապես ոստիկանական համակարգում տարբեր խմբերի պայքարի արդյունք է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ձերբակալությանը, կարծիք հայտնեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նա նշեց, որ իշխանությունները կփորձեն այս ձերբակալությունը ներկայացնել որպես հերթական քայլը կոռուպցիայի դեմ պայքարի գործում, սակայն, ըստ իրավապաշտպանի, այդ ամենը այդքան էլ վստահություն չի ներշնչում:
Այդուամենայնիվ, Ւշխանյանը նկատեց, որ իշխանական վերոնշյալ քարոզչությունը հասարակության որոշակի հատվածի վրա կազդի և նրանք կմտածեն, թե սա քայլ է կոռուպցիայի դեմ պայքարելու գործում. «Իհարկե, հասարակության մեջ այդպիսի շերտեր կլինեն, բայց կարճ ժամանակում նրանք հիասթափություն կապրեն»:








































