Հիրոսիմայի համալսարանի կենսաբժշկական գիտությունների բաժնի մի խումբ գիտնականներ պարզել են, որ հնարավոր է արյան անալիզի միջոցով դեպրեսիայի մասին տվյալներ ստանալ: Այս մասին այսօր գիտնականները հայտարարել են համալսարանի կայքի և լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում:
Մինչ այժմ բժիշկները դեպրեսիայի վերաբերյալ իրենց եզրակացությունը տալիս էին և բուժում նշանակում բացառապես սուբյեկտիվ չափորոշիչներից ելնելով: Գոյություն չուներ այնպիսի մեթոդ, որը, օրինակ, շաքարախտի և արյան ճնշման նման, հնարավորություն կտար օբյեկտիվ գնահատական տալ հիվանդությանը:
Սիետո Յամավակիի գլխավորությամբ գիտնականների խումբը հայտնաբերել է այն գենը, որը պատասխանատու է BDNF սպիտակուցի արտադրման համար. վերջինիս ազդեցությունն ուղեղի բջիջների վրա հանգեցնում է դեպրեսիայի: Այս հետազոտությունը շատ կարևոր է Ճապոնիայի համար, ուր դեպրեսիան տարածված և լրջագույն սոցիալական խնդիր է:








































