«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» շարժման համանախագահ, Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) նախկին անդամ Էլգար Մամեդովը։
– Օգոստոսի 9-ին Սոչիում կայացած Ալիև-Մեդվեդև հանդիպումից հետո խոսվում էր այն մասին, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենա նաև Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը, սակայն այն այդպես էլ չկայացավ: Պարոն Մամեդով, Ձեր կարծիքով` ինչո՞ւ Մեդվեդևը հանդիպեց միայն Ալիևի հետ, կարելի՞ է ասել, որ Կազանից հետո նա որոշել է կողմերի հետ առանձին-առանձին հանդիպել և չկազմակերպել եռակողմ հանդիպումներ մինչև վերջիններիս հետ չհստակեցվեն խնդրահարույց հարցերը, և այս փուլում միայն Ալիևի հետ հանդիպելը չի՞ նշանակում արդյոք, որ հիմնական խնդիրները կապված են հենց նրա հետ:
– Այդ կայացած և չկայացած հանդիպումների տրամաբանությունն այլ է: Դրանք մերկացրին Ալիևի քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի ուղղորդվածության ձախողումը: Ալիևի հիասթափությունը շատ հեշտ է նկատել, և պարզ է, որ Մեդվեդևի և Սարգսյանի հանդիպումը իմաստ չունի` թեկուզ ինչ-որ լուրջ բանի իմիտացիա անելու համար: 2003թ.-ից Ալիևն ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և վերջինիս հեղինակությունը Ադրբեջանում բարձրացնելու համար: Մենք հանդես ենք եկել այդ ոչ օբյեկտիվ և ոչ հեռանկարային քաղաքականության քննադատությամբ: Ցավոք, Մոսկվայում չեն հրաժարվել այն իներցիոն քաղաքականությունից, որը վարում են Հարավային Կովկասում: Եվ այժմ ակնկալել Մոսկվայի դրական դերակատարությունը ղարաբաղյան կարգավորման գործում` անլուրջ է: Կազանյան ձախողումը, այնուհետև Մեդվեդևի սպառնալից հայտարարությունները Բաքվի հասցեին հենց` Սոչիի հանդիպումից առաջ, Բաքվի վրա սթափեցնող ազդեցություն թողեցին: Հուսով եմ` սկսվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ: Ալիևն իր բարյացակամ քաղաքականությամբ չկարողացավ փոխել Մոսկվայի քաղաքականությունը ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում: Այնպես որ, այժմ ամեն ինչ կփոխվի, և Բաքուն Մոսկվային փոխադարձաբար կպատասխանի և շատ բան կհիշի: Եվ ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելը առաջին ազդակն է: Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Ալիևի ինքնախաբեության փուլը մի օր պետք է ավարտվեր, և կարծես թե դա արդեն եղել է:
– ԵՄ արտաքին քաղաքականության բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթընը անցած ամիս շեշտելով, որ ԼՂ հիմնահարցը ԵՄ համար որոշիչ նշանակություն ունի, հայտարարել էր, որ Մինսկի խումբը պետք է ամեն ինչ անի մինչև 2011թ.-ի ավարտը այդ հարցում առաջընթաց արձանագրելու համար: ԼՂ հարցում ԵՄ-ն վերջին շրջանում չափազանց մեծ ակտիվություն է դրսևորում, և այս հայտարարությունը այդ ակտիվության դրսևորումներից մեկն է, բացի այդ` Կազանի հանդիպումից հետո շատ էր խոսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի փոփոխության և դրանում ԵՄ ընդգրկման մասին: Պարոն Մամեդով, Ձեր կարծիքով` այդ փոփոխությունը ինչքանո՞վ է հավանական և կա՞ արդյոք ՄԽ-ին այլընտրանք:
– Կարելի է չհորինել բազմաթիվ ընթացակարգային փոփոխություններ: Օրինակ` ես կարծում եմ, որ համանախագահների ներկայիս կազմը 90-ականների իրողությունն է արտացոլում, հետևաբար նաև անարդյունավետ ու անհեռանկարային է, եթե, իհարկե, մենք նրանցից արդյունավետ և օբյեկտիվ գործունեություն ենք ակնկալում: Բայց այստեղ հարցն այն չէ, թե ինչպես ենք մենք դասավորված, այլ այն, թե այս կազմով մենք ուր ենք գնում: Այժմ մենք գնում ենք դեպի պատերազմ, և դա վատ է, քանի որ ոչ մի նորմալ մարդ չպետք է գիտակցաբար տանի ազգերին դեպի պատերազմ:
– Հաճախ է խոսվում այն մասին, որ ԼՂ հարցում պատերազմի վերսկսման հավանականությունը փոքր է, քանզի դա ձեռնտու չէ աշխարհի ուժային կենտրոններին: Ձեր կարծիքով` երբևէ այդ հավասարակշռությունը կփոխվի՞:
– Իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում այնքան արագ է փոփոխվում, որ իմ պատասխանը կարող է կորցնել իր արդիականությունը անգամ մեկ ամիս հետո: Հավանականությունը, որ գլոբալ և տարածաշրջանային գործընթացները կարող են պատճառ հանդիսանալ, որ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները շահագրգռված լինեն կոնֆլիկտի վերսկսմամբ, մեծ է: Այդ ամենը հիմնականում կապված է էներգետիկ նախագծերի և ռազմական անվտանգության ռազմավարական հարցերի հետ:
– Ադրբեջանցի հայտնի քաղաքագետներ Հիքմեթ Հաջիզադեն ու Վաֆա Գուլուզադեն Բաքվի «Ազադլըղ» թերթին տված հարցազրույցում հայտարարել են, որ Ադրբեջանի պետականության հիմնական սպառնալիքն այսօր բխում է Իրանից ու Ռուսաստանից… Ըստ նրանց՝ Ադրբեջանի անվտանգության երաշխիք կարող է հանդիսանալ միայն Թուրքիայի հետ ռազմական դաշինքը, հետագայում նաև թուրք-ադրբեջանական կոնֆեդերատիվ պետության ստեղծումը… Պարոն Մամեդով, ինչքանո՞վ եք հավանական համարում նման միության ստեղծումը:
– Ես համաձայն եմ իմ գործընկերների գնահատականների հետ, բայց այլ հարց է, թե այդ գնահատականներից ելնելով ինչ քաղաքական քայլեր են անհրաժեշտ և հնարավոր նախաձեռնել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և առավել հավանական է, որ նրա պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում կգերակայեն Բաքվի և Անկարայի ցանկացած միության շրջանակներում ձեռք բերված պարտավորություններին: Այդուամենայնիվ, կոնֆլիկտի առաջացման պարագայում անգամ ՆԱՏՕ-Թուրքիա համակարգված հարաբերությունների ընթացքը դժվար է կանխատեսել: Այս ամենից ելնելով` հույս ունեմ, որ ադրբեջանցի քաղաքագետների գնահատականները և առաջարկած ուղիները կօգնեն Ադրբեջանի իշխանություններին ավելի լավ ծրագրել արտաքին քաղաքականությունը:





































