Այսօր ՆՓԱԿ կենտրոնում տեղի ունեցավ կոնցեպտուալ արվեստագետ, մոդեռնիստ Դավիթ Կարեյանի «Կյանքի տոն» խորագրով ցուցահանդեսին նվիրված մամլո ասուլիսը:
Դավիթ Կարեյանը ստեղծել է գեղարվեստական նկարներ, ինստալյացիաներ, վիդեոարվեստ և կատարողական արվեստ: Նրա բոլոր ստեղծագործությունները ունեն հասարակական-քաղաքական և հոգեբանական ենթատեքստեր։ Ինչպես տեղեկացրեց ցուցահանդեսի համադրող, ՆՓԱԿ հիմնադիր, արվեստագետ Սոնիա Պալասանյանը՝ նրա ստեղծագործություններն ավելի խոր ուսումնասիրելու դեպքում կզգանք հույս, սեր, կյանքի շարունակականության գաղափարները. «Շուրջ 17 տարվա ստեղծագործական կյանքում բարձրացնելով տարբեր հիմնախնդիրներ՝ մարդու իրավունք, պատերազմ, նա երբեք չկորցրեց դրական հայացքներն ու զգացողությունները կյանքի հանդեպ»,- մեկնաբանեց արվեստագետը՝ խոսելով Դավիթ Կարեյան արվեստագետի և անհատի մասին:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ կենտրոնում կբացվի Դավիթ Կարեյանի ստեղծագործությունների «Կյանքի տոն» ցուցահանդեսը, որին ներկայացված կլինի շուրջ 35 աշխատանք՝ 17 տարվա գործունեությունը ամփոփված մի դահլիճում։ Լինելու է նաև տեսաժապավենի ցուցադրություն, որով կներկայացվեն հատվածներ նրա մտորումներից և հարցազրույցներից:









































