Երեկ «Երկիր»-ի խմբագրություն են զանգահարել մի խումբ ծնողներ և խնդրել իրենց բողոքի ձայնը հասցնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
«Նախարարի հրամանով՝ ամիսը մեկ անգամ ծնողը կարող է այցելել զինծառայության մեջ գտնվող իր զավակին, տեսնել զորանոցը, որդու և զորամասի կեցության պայմանները՝ զորանոցից մինչ ճաշարան։ Նախորդ կիրակի բաց դռների օր էր Կիրովականի «Դուց» կոչվող զորամասում։ Այստեղ ծնողներին դիմավորել են վայրենու պահվածքով։ Չեն թողել, որ ծնողները մուտք գործեն զորամաս, անգամ պատսպարվելու տեղ չեն տվել, և մարդիկ ստիպված են եղել զավակներին տեսակցել, իրենց բնորոշմամբ՝ «չոլերի մեջ», հորդառատ անձրևի պայմաններում»,- գրում է թերթը և հավելում.
«Բացի այդ, նախատեսված 4 ժամվա փոխարեն զինվորներին ընդամենը 1 ժամ 15 րոպե են դուրս թողել՝ 12:45-14:00, իսկ արձակման թերթիկում նշել՝ 11:00:
Ծնողները դժգոհել են նաև, որ իրենց որդիներն ընդամենը երկու շաբաթը մեկ են հնարավորություն ունենում լողանալու։ «Մենք հեռու ենք, գիտենք, թե մեր երեխեքին լավ են նայում, գոնե մեր աչքի դեմը էսպես չանեին։ Իրենք էլ ի՞նչ զգացումներով պետք է զորամաս վերադառնան ու ծառայեն»,- դժգոհել են թերթին դիմած քաղաքացիները։










































