Գարեգին Ազարյանը. «Կարծում եմ, որ այդ նոր տարբերակը կնպաստի ավելի լավ ընտրական վարչարարության իրականացմանը»:
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ԸՕ փոփոխություններին, մասնավորապես, ընտրական հանձնաժողովների ձեւավորման առաջարկված տարբերակին: «Կարծում եմ, որ այդ նոր տարբերակը կնպաստի ավելի լավ ընտրական վարչարարության իրականացմանը»,- ասաց Ազարյանը:
Հիշեցնենք, որ ըստ ԸՕ նախագծի` հանձնաժողովները բաղկացած են 7 անդամներից: ԿԸՀ անդամներին 5 տարի ժամկետով նշանակում է նախագահը, իսկ նրան ԿԸՀ անդամի հինգական թեկնածուներ ներկայացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը: Ներկայացված թեկնածուներից յոթը նշանակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, մյուսները մնում են ռեզերվում` հանձնաժողովի անդամի թափուր տեղերը լրացնելու համար: Ընդ որում, հանձնաժողովի անդամները չպետք է լինեն որեւէ կուսակցության անդամ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորում եւ հանձնաժողովի անդամներին նշանակում է ԿԸՀ-ն, ընդ որում` նրանք եւս պետք է լինեն անկուսակցական եւ անփոխարինելի: Իսկ արդեն տեղամասային ընտրական հանձաժողովը պետք է բաղկացած լինի առնվազն յոթ անդամից: ՏԸՀ-ում մեկական անդամ նշանակում են հանրապետության նախագահը, ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունը եւ համապատասխան ԸԸՀ նախագահը: