«Երկխոսության ընթացքում կային մտավախություններ, որոնք հնչում էին ՀԱԿ-ի տարբեր ներկայացուցիչների շուրթերից: Ցավոք, ես չեմ կարող բացառել, որ ՀԱԿ-ում միակարծիք չէին այդ գործընթացի վերաբերյալ: Թերևս, այնտեղ կային ուժեր, որոնք կարծում էին, որ երկխոսությունը չի մտնում իրենց ծրագրերի մեջ, ինչպես նաև կային մարդիկ, ովքեր համարում էին, որ իրենց համար վտանգավոր է քննարկումների այն ընթացքը, որը անխուսափելիորեն պետք է սկսվեր մեր ներկայացրած փաստաթուղթը հրապարակելուց հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով ՀԱԿ-ի՝ երկխոսությունն առկախելու քայլը՝ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, կոալիցիոն պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է երկխոսության անցած վեց ռաունդների ընթացքի գնահատականին, Մինասյանը նշեց, որ իրենք երկխոսել են ՀԱԿ-ի ընդամենը 5 ներկայացուցչի հետ, իսկ քանի որ ՀԱԿ-ը բավական ստվար կազմակերպություն է, Մինասյանը դժվարացավ, երկխոսության ընթացքից ելնելով, գնահատել, թե ինչպիսի քաղաքական ուժի հետ էին իրենք երկխոսում: Այդուամենայնիվ, պատվիրակության անդամ իր գործընկերներից Մինասյանը տպավորություն է ստացել, որ գործ ունի բավական լուրջ քաղաքական գործիչների հետ. «Սակայն ավելի մանրամասն գնահատելու համար այլ գործողություններ պետք է քննարկել, ինչը, իմ կարծիքով, այսօր նպատակահարմար չէ, որովհետև մենք գտնվում ենք բավական զգայուն փուլում, և պետք է ստեղծել բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի կասեցված գործընթացը վերադառնա իր բնականոն հուն»:
Անդրադառնալով երկխոսությունն առկախելու ՀԱԿ-ի հիմնավորումներին և այն խնդրին, որ իշխանական պատվիրակության անդամները, ի դեմս Դավիթ Հարությունյանի, ՀԱԿ պատվիարակության անդամներին խոսք են տվել աջակցել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցի դրական լուծմանը՝ Մինասյանը նշեց, որ նման բան չի եղել. «Իհարկե՝ ոչ, մենք որևէ խոստում չենք տվել: Եթե այդպիսի հավաստիացումներ լինեին, ապա ՀԱԿ-ի ներկայացրած հիմնավորումների նկարագրական մասում գոնե մեկ բառ դրա մասին կլիներ, սակայն նման բան այնտեղ չկա։ Չէր կարող այդպիսի բան լինել: Դավիթ Հարությունյանի բոլոր խոսակցությունները ՀԱԿ-ի գործընկերների հետ եղել են մեր բոլորի ներկայությամբ, և այդպիսի բան չի եղել»:









































