2002 թ.-ին 93 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց 5 ընկերություններ՝ «Մարս» ՓԲԸ-ն (գնահատվել էր 56.29 մլն դոլար), «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ն (2.75 մլն դոլար), «Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն (3.37 մլն դոլար), «Երևանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ն (0.35 մլն) և «Հրազդանի» ՋԷԿ-ի գույքահամալիրը (31 մլն):
2008 թ.-ին ՌԴ պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը «Մարս» գործարանի և 3 ԳՀԻ-ների կառավարումը 3 տարով հանձնեց «Սիտրոնիքս» ընկերությանը: Այս տարի մայիսին կառավարման պայմանագիրը երկարաձգվել է 10 տարով:
«Մարս»
Ռուսական կողմին հանձնված ձեռնարկություներից ՀՀ իշխանությունները առավել կարևորում են «Մարս» ՓԲԸ-ն: Հանձնման պահին գործարանն աշխատում էր արտադրական պոտենցիալի մինչև 1%-ի չափով: Ընկերության կառավարումը «Սիտրոնիքս»-ին հանձնելուց հետո որոշվեց այդտեղ ստեղծել ազատ տնտեսական գոտի՝ առաջինը ՀՀ-ում: Թե որքանո՞վ այն «ազատ» կլինի և չի դառնա ընտրյալների գերշահույթների ավելացմանը ծառայող տարածք, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, գնահատականները տարբեր են:
Ներկայումս ընկերությունն իրականացնում է էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական իրերի մշակում և ներդրում, գունավոր մետաղներից և պլաստամասե տարբեր իրերի արտադրություն և իրացում: 2010 թ. ընկերության արտադրանքի ծավալը կազմել է 239 մլն դրամ` 2009 թ. համեմատ աճի տեմպը կազմելով 124.3%: Ընկերությունում ներկայումս աշխատում է մոտ 130 մարդ, աշխատավարձը 80-100 հզ. դրամ է:
«Մարսը» ոտքի կանգնեցնելու համար հարկավոր են 10 մլն-ից մինչև մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ: Այս հարցը դեռ բանակցությունների առարկա է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ «Մարս»-ում լուրջ առաջընթացի է սպասում. «Այս տարի դրական տեղաշարժը նկատվում է, ցանկությունը կա և՛ ռուսական կողմից, և՛ մեր կողմից»:
Ընկերության տարածքում նախատեսվում է մոտ 35 հզ. քմ մակերեսի վրա կառուցել համապատասխան ենթակառուցվածքներ` մաքսային պահեստներ, տեղեկատվական և լոգիստիկ կենտրոն, գրասենյակային տարածքներ և այլն: Արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ ընկերությունների հետ, օրինակ` նախատեսվում է GlaxiSmithKline ընկերության արտադրանքի պահեստավորում և հետագա իրացում, ZTE ընկերության հեռահաղորդակցության և ցանցային համակարգերի արտադրություն և այլն:
ԳՀԻ
Գիտահետազոտական 3 ինստիտուտները միավորվել են մեկում և այժմ կոչվում են «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ: Ընկերության տնօրեն Արսեն Թառոյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց, որ մշակվել է ԳՀԻ-ի զարգացման ծրագիր, որով նախատեսվում է շուրջ 10 մլն դոլարի ներդրում կատարել:
Ներկայում ինստիտուտի շենքերն ամբողջովին վերանորոգվում են, կառուցվում է ցուցահանդեսային կենտրոն, որը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Այդ կենտրոնում նորարարը հնարավորություն կունենա առցանց ռեժիմով կապ հաստատել ներդրողների հետ:
Ա.Թառոյանը նշեց, որ ինստիտուտում աշխատանքները տարվում են 4 ուղղություններով՝ քաղաքացիական, հատուկ, ավտոմատացված կառավարման համակարգերի և նյութաբանության: Ընդ որում՝ ԳՀԻ-ում աշխատում են Լենինյան մրցանակի դափնեկիրներ, ակադեմիկոսներ Ռոբերտ Աթոյանը և Արման Քուչուկյանը:
«Բոլոր ուղղություններն աշխատում են, ոչ մեկով կանգ չկա: Այս տարի բավականին աճ ունենք՝ հատկապես նյութաբանության գծով»,- ասաց Ա. Թառոյանը՝ հավելելով, որ արտադրվել են 380 մլն դրամի հատուկ ապակիներ (նախորդ տարվա համեմատ աճը՝ 400%), որոնք արտահանվել են ՌԴ. գնորդը «Մոնո Կրիստալ» ընկերությունն է, որը դրանք օգտագործում է արևային էներգետիկ համակարգերի մեջ:
Ինստիտուտը սերտորեն համագործակցում է Գիտատեխնիկական միջազգային կենտրոնի հետ, որի հետ մի շարք ծրագրեր են իրականացվել: Կենտրոնը ողջ աշխարհում միավորում է գիտական մտավոր ներուժը: Կենտրոնի ֆինանսավորած ծրագրերով ինստիտուտը հագեցել է անհրաժեշտ սարքավորումներով:
Այս տարի Երևանի պետական համալսարանի հետ ինովացիոն ծրագիր է մեկնարկում՝ աճեցվելու են կրիստալներ: Ռուսական ղեկավարությունը համաձայնել է նյութագիտությունից ստացված շահույթից 60 մլն դրամ ուղղորդել ոլորտի զարգացմանը՝ թե՛ արտադրության, թե՛ լաբորատորիաների հագեցման համար:
Հատուկ ուղղությամբ ԳՀԻ-ն աշխատում է պետական կառույցների հետ՝ ՊՆ, ԱԱԾ, կառավարության հետ:
Ավոտմատ կառավարման համակարգերը ԽՍՀՄ տարիներին էական ճյուղերից մեկն էր, և մեծ նշանակություն է տրվել դրա զարգացմանը: Ա.Թառոյանը նշեց, որ այս ճյուղը գաղտնի է՝ նշելով միայն, որ ավտոմատ կառավարման համակարգը թույլ է տալիս ամեն ինչ վերահսկել:
ԳՀԻ-ն մշակել է ՔԿԱԳ-ների տվյալների ռեեստրը, ծրագրային ապահովումներ է մշակել պետավտոտեսչության, ԱՊՊԱ-ի համար, ինչպես նաև մոտ 30% ներդրում ունի կենսաչափական տվյալներով անձնագրերի մշակման գործում:
Քաղաքացիական ուղղությամբ ԳՀԻ-ն ծրագրային ապահովումներ է մշակել կենսաթոշակային համակարգի համար, Առողջապահության նախարարության հետ մշակվել է «Միդաս» ծրագիը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ «Արև» համակարգը՝ տեսողությունից թույլ մարդկանց համար, որը կույր մարդկանց հնարավորություն է տալիս առանց որևէ մեկի օգնության զբաղվել և աշխատել համակարգչով: Մի քանի օր առաջ «Արև» համակարգի վերաբերյալ պայմանագիր է կնքվել ռուսական կազմակերպություններից մեկի հետ, որը այդ համակարգը կզարգացնի ՌԴ-ում: ԳՀԻ-ն սկսել է դպրոցներում համակարգչային ինքնուսուցանող ծրագրերի տեղադրումը՝ ընդհանուր 1400 դպրոցներում, որից 700-800-ը կիրականացվի այս տարի:
«Մեծ խնդիր ունենք մշակողին կապել օգտագործողի հետ: Սա ոչ միայն ՀՀ խնդիրն է, այլ նաև ԽՍՀՄ նախկին երկրների, քանի որ նախկինում աշխատում էին գծային մոդելով՝ ստանում էին պատվեր և կատարում: Այսօր բիզնեսը բավարար չափով հետաքրքրված չէ գիտահետազոտական ինստիտուտների արտադրանքով: Ինովացիայի տեսակետից առաջատար ԱՄՆ-ում մշակումների 74%-ը մասնավորի պատվերն է, 24%-ը՝ պետական: Հայաստանում 80%-ը պետական պատվեր է, իսկ տարեցտարի դրամաշնորհները պակասում են, հետաքրքրությունը սպառվում է, և նախկին ներուժն այժմ չունենք: Բիզնեսը շահույթ ստանալու կարճաժամկետ լուծումներ է փնտրում»,- նշեց Ա.Թառոյանը:
Նրա խոսքով, «Սիտրոնիքս»-ն այժմ աշխատում է գաղափարից մինչև արտադրություն փակ շղթա ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ոչ թե գաղափար վաճառվի, այլ պատրաստի արտադրանք, որի ԱԱՀ-ն շատ ավելի բարձր է:
ԳՀԻ-ի այս տարվա շրջանառությունը կգերազանցի 1 մլրդ 200 մլն դրամը, իսկ տարեկան աճը մոտ 20-30% է եղել: ԳՀԻ-ում աշխատում է մոտ 400 մարդ, աշխատավարձը միջինը 350 դոլարի չափ է: Խորհրդային տարիներին 3 ինստիտուտներում աշխատել է մոտ 5-7 հզ. մարդ: Այսօր օգտագործվում է ԳՀԻ-ի հզորությունների շուրջ 15%-ը:
«10 տարում հուսով ենք դառնալ ՀՀ-ում ՏՏ կենտրոններից մեկը, որտեղ նորարարությունը կդառնա ինովացիա, երբ գաղափարը դառնում է փորձնական նմուշ և պահանջարկ է գտնում շուկայում»,- նկատեց Ա.Թառոյանը:
Հրազդանի ՋԷԿ
Այս տարի գարնանը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին թույլատրել է «Ռոսնեֆտեգազ» ԲԲԸ-ից ձեռք բերել «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը: Ընկերությունը՝ 100%-1 բաժնետոմս «Ռոսնեֆտեգազի» հաշվեկշռին էր փոխանցվել 2009 թ.։ «Ռոսնեֆտեգազի» 100% բաժնեմասը պատկանում է ՌԴ պետական գույքի կառավարման դաշնային գործակալությանը, որն այժմ «Հրազդան ՋԷԿ»-ի 1 բաժնետոմսի սեփականատերն է:
Այսօր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը համախմբում է 14 երկրներում գտնվող ավելի քան 20 ընկերությունների:
1110 ՄՎտ գումարային հզորություն ունեցող «Հրազդանի ՋԷԿ»-ը Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից է և Խորհրդային Հայաստանի գլխավոր էներգետիկ կառույցներից մեկը: ՋԷԿ-ն աշխատում է գազով և դրա արտադրած էլեկտրաէներգիան բավականին թանկ է, քան մյուս կայաններից ստացվողը: Այդ պատճառով ներկայում ՋԷԿ-ն աշխատում է միայն ըստ անհրաժեշտության, օրինակ՝ երբ ատոմակայանը կանգնեցվում է տեխնիկական աշխատանքների համար: Այս տարի ծրագրված է, որ ՋԷԿ-ն արտադրելու է 250 մլն Կվտ/ժամ-ից ոչ ավելի էլեկտրաէներգիա:
ՋԷԿ-ի օգտագործման ծավալն այնքան փոքր է, որ ներդրումների մասին խոսք չի գնում, քանի որ ներդրումներ կատարելու դեպքում հնարավոր չի լինի ներքին շուկայի հաշվին դրանք հետգնել, հարկավոր են արտաքին շուկաներ:
Հ.Գ. «Սիտրոնիքս» ԲԲԸ-ն գտնվում է АФК Система ընկերության հսկողության ներքո: 2009-ից այդ ընկերության բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է Ռոբերտ Քոչարյանը:









































