Օրերս ԱԺ-ն ընդունեց Ընտրական օրենսգրքի ու հարակից օրենքների մի քանի փոփոխություններ, որոնցով նույն քվեարկության կարգը սահմանվեց համամասնական բոլոր ընտրությունների համար, 2023-ից նախատեսվեց բոլոր համամասնական ՏԻՄ ընտրությունների նկարահանում, ԿԸՀ անդամների նկատմամբ պահանջները դարձվեցին Սահմանադրությանը համահունչ։ Բացի այդ, կուսակցությունների դաշինքների անվանումներն այլևս չեն կարող պարունակել անձնանուն, պետական կամ ՏԻՄ մարմինների անվանումներ և շփոթելու աստիճան դրանց նման անվանումներ ու հոլովաձևեր։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հիմնավորեց այդ փոփոխությունը հետևյալ կերպ․ «Խոսքը նրա մասին է, որ ընտրություններից առաջ ձևավորվում են դաշինքներ՝ անուն ազգանուններով։ Մենք ընտրել ենք համամասնական ընտրակարգը, և, ըստ էության, հաջողել դրանում, գրանցել ընտրական գործընթացի առաջընթաց։ Իսկ անուն ազգանուններով դաշինքներով ընտրությունների մասնակցելը մեծամասնական ընտրակարգի տրամաբանության մեջ է։ Կուսակցությունները ևս չեն կարող անվանման մեջ պարունակել անձնանուն»։
Այս առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Երբ Վահագն Հովակիմյանը շրջանառեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, եղան խորհրդարանական լսումներ, որի ժամանակ մենք շատ դաժան քննադատության արժանացրեցինք այդ նախագիծը: Հիմա կարող եմ ասել, որ այդ նախագիծը բավականին փոխվել է, մեր քննադատությունները տեղ են հասել: Այն նախագիծը, որը հիմա շրջանառվում է, եթե ես պատգամավոր լինեի, կողմ կքվեարկեի: Այն, ինչ փոխվեց, ունի քաղաքացիական հասարակության աջակցությունը:
Ինչ վերաբերում է կոնկրետ կարգավորումներին, ապա մասնավորապես, քվեաթերթիկների հետ կապված փոփոխությունը արվել է նաև մեր առաջարկությունների հիման վրա: Մենք էինք նաև առաջարկել, որ բազմաթիվ քվեաթերթիկների սկզբունքը գործի բոլոր համայնքներում, ոչ միայն Գյումրիում ու Վանաձորում: Դեռևս 2018-ին առանձին-առանձին էինք քննարկում ՏԻՄ-ի և քվեարկության կարգի հարցը և այդ ժամանակից ոչ մեկը չֆայմեց, այդ թվում մենք, որ քվեարկության կարգի հետ կապված այդպիսի բաց ունենք, որ կախված համայնքի չափից տարբեր քվեարկության կարգ է սահմանված:
Ինչ վերաբերում է նրան, որ դաշինքների անունները չպետք է անձի անուն-ազգանունով լինեն, դա ևս մեր առաջարկությունների հիման վրա է, որովհետև ամեն դեպքում, եթե մենք ուզում ենք կուսակցական ժողովրդավարություն զարգացնել, իսկ խորհրդարանական մոդելը Հայաստանում կկայանա միայն այն ժամանակ, երբ կուսակցական ժողովրդավարություն զարգանա, ապա կուսակցական ժողովրդավարությունը պետք է զարգանա նաև համայնքային մակարդակով, ոչ թե պետք է լինեն անձնակենտրոն կուսակցություններ»,-ասաց նա:
Հարցին, թե կա՞ն ձեր կողմից առաջարկություններ, որոնք իշխանությունը չի ընդունել կամ հապաղում է, Իոաննիսյանը պատասխանեց. «Մեր հիմնական տարաձայնությունը կապված է կուսակցությունների ֆինանսավորման, քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության հետ, թափանցիկության կարգը խախտելու պատիժների կամ դրանց բացակայության հետ:
Մի քանի ուրիշ տարաձայնություններ էլ կան, բայց դրանց շուրջ եկանք համաձայնության: Մենք կարողացանք մեր տեսակետը համոզել իշխանությանը: Մենք քննադատում էինք, որ իշխանությունն առաջարկում էր համայնքի ղեկավարի ընտրությունը փակ կերպով անել, գաղտնի քվեարկությամբ և մենք վախենում էինք, որ դա կբերի նրան, ինչը եղավ 2017-ին Վանաձորում: հետո մենք իշխանության ներկայացուցիչներին կարողացանք համոզել, որ դա վատ միտք է»:
Անդրադառնալով Վանաձոր համայնքում ստեղծված իրավիճակին, որտեղ արդեն երկար ժամանակ ավագանին նիստեր չի կարողանում հրավիրել, ընդդիմադիրները բոյկոտում են, Դանիոլ Իոաննիսյանն ասաց. «Այստեղ խնդիրը Ընտրական օրենսգիրքը չի, խնդիրը իշխանությունների ակնհայտ սխալ քայլերն են: Ինձ չի թվում, որ խնդիրն օրենսդրական է, ավելի քաղաքական ու իմպլեմենտացիոն է: Ես չեմ բացառում, որ կարող է այս վիճակը շարունակվել և Վանաձորում արտահերթ ընտրություններ լինեն: Եթե ավագանին շարունակի նիստեր չգումարել, այդտեղ օրենքով սահմանված ժամկետ կա, որի լրանալուց հետո ավագանին ցրվում է, նշանակվում են արտահերթ ընտրություններ»:






































