«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար, գործարար Տիգրան Արզաքանցյանը
Պարոն Արզաքանցյան, տեղեկություն է տարածվել, որ Ձեր կուսակցությունը համագումար է հրավիրելու, սակայն վերջերս էր տեղի ունեցել համագումարը, ինչո՞ւ նորից նման անհրաժեշտություն առաջացավ:
Այո, արել էինք համագումար, բայց պետռեգիստրը պոզ ու պոչ կապեց, ասացին՝ նորից պետք է անեք: Ասում են՝ այնտեղ չենք գրել, որ «Մոսկվա» կինոթատրոնը Երևանում է, այսինքն քաղաքը չէինք նշել: Բայց այդ տեղեկանքը լրացրել էր հենց ռեգիստրի աշխատողը: Հիմա օգոստոսի 20-ին նորից համագումար ենք անելու:
Փաստորեն սա ոչ թե ձեր ցանկությունն է, այլ հարկադրված նորից համագումար եք անում:
Այո:
Ինչպե՞ս եք գնահատում երկրում ստեղծված իրավիճակը, ինչպե՞ս պետք է հասնել փոփոխությունների:
Այսօրվա լեգիտիմ ընտրված իշխանությունն ինքը պետք է աշխատի փոփոխություններ անի, բարելավի իրավիճակը, որ ժողովուրդը կարողանա մինչև վերջ համընկնի իրենց աշխատանքներին, բայց մենք այսօր չենք հասկանում, թե ինչ ուղղությամբ են տանում մեր երկիրը: Մենք ոչ մի ձևի պատրաստ չենք գնալ խաղաղության, իրենք կպած գնում են խաղաղության: Չեմ հասկանում՝ խի՞ են շտապում:
Դուք վարչապետի հետ պարբերաբար հանդիպում եք որպես արտախորհրդարանական ւժի ներկայացուցիչ: Այդ հարցերը բարձրացրե՞լ եք նրա մոտ:
Ես ոչ միայն բարձրացրել եմ այդ հարցերը, այլ նաևբոլոր լրատվամիջոցներով, նաև ֆեյսբուքյան գրառումներով խոսել եմ այդ մասին: Ես ասել եմ, որ մինչև թշնամին մեր տարածքից դուրս չգա, մինչև Վերին Շորժայից, Սև լճից դուրս չկա, մեր գերիներին չվերադարձնեն, մինչև նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության պայմանները չկատարեն, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Այդ փաստաթղթի մեջ չկա պայման, որ բացի Արցախից, Հայաստանի սահմաններից պետք է իրենց հող տանք, մտնեն ներս, ճանապարհները հսկեն: Ես այդ ամենը դեմ դիմաց հանդիպման ժամանակ էլ եմ ասել, որ հիմա պետք է մտածեն, այսպես չի կարելի: Եթե ինչ-որ մեկը կամ որևէ հետաքրքրված երկիր վռազացնում է իրեն, ասում է՝ ստորագրեք, իրենք ստիտում են իրենց շահերի համար; Իսկ մենք պետք է մտածենք մեր երկրի շահերի համար, մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը, մեր երկրի անվտանգությունը, սահմանները:
Երևանի ընտրություններում ձեր կինը մտադիր է առաջադրվել քաղաքապետի թեկնածու ձեր կուսակցության կողմից: Հնարավո՞ր է հետ կանգնեք այդ մտքից:
Եթե իրավաբանները թույլ տվեցին, բոլոր փաստաթղթերը իրենք ընդունեցին, նորմալ եղավ, մենք խնդիր չունենք չառաջադրվելու: Օրենսդրությունը պահանջում է, որ ՀՀ քաղաքացի լինես և 6 ամիս Երևանի գրանցում ունենաս: Իսկ իմ կինը արդեն 2-3 տարուց ավելի ապրում է Հայաստանում:
Դուք ձեր կնոջը տեսնո՞ւմ եք Երևանի քաղաքապետի պաշտոնում:
Մեր կուսակցությունն իր թեկնածությունն է ներկայացնելու: Կուսակցությունը որոշել է, որ նա պետք է մեր թեկնածուն լինի, մնացածն արդեն Երևանի բնակիչները պետք է որոշեն, իմ որոշելով չի: Եթե երևանցիները ուզենան ավելի մաքուր, բարեկարգ, գեղեցիկ Երևան ունենան, ինքն իր ունեցած փորձով ներդրումներ կկատարի՝ իր ունակություններով: Ինչքան մենք ունենք հարազատ, մոտիկներ, պետք է բոլորին առաջարկենք, որ գան լավ ներդրումներ կատարեն Երևանը ծաղկեցնելու համար:
Ձեր կուսակցությունը պատրաստվո՞ւմ է տարբեր մարզերում սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել:
Այո, կփորձենք մասնակցել: Մենք արդեն շատ անդամներ ունենք մեր կուսակցությունում, բոլոր մարզերում լավ համակիրներ ունենք, գաղափարով հարուստ խումբ ունենք: Մենք ունենք նաև իրավաբանների խումբ, որոնց հետ նույնպես աշխատում ենք:
Փաստորեն առաջիկայում ձեր կուսակցությունը բուռն քաղաքական գործունեությա՞մբ կզբաղվի:
Մենք բուռն քաղաքական գործունեությամբ զբաղվում ենք և շարունակելու ենք զբաղվել: Մի վայրկյան անգամ ազատ չենք մնացել, շատ ուշադիր ենք բոլոր քայլերին, որովհետև մտածում ենք մեր երկրի ապագայի մասին: Էդ ապագա բառը շատ են արժեզրկել, մեր ապագան պետք է մենք ստեղծենք, ոչ թե ապագան մի կիլո կլուբնիկ է, պետք է առնենք ուտենք պրծնենք: Ապագան մենք պետք է ստեղծենք մեր ծրագրերով, մեր օրենքների բարելավմամբ, լավ պայմաններ տանք մեր ժողովրդին, ներդրողներին: Երկրի զարգացման համար շատ ծրագրեր կան կատարելու, ոչ թե ասենք՝ ապագա կա ու դա սարքենք բերանի ծամոն այդ թանկարժեք բառը:







































