ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունն անընդհատ զբաղվում է համայնքների հարցերով, ամեն ինչ անում է, որ համայնքների բնակիչները կոնկրետ փոփոխություններ զգան: Փաշինյանն այս մասին ասաց Արմավիրի մարզ այցի շրջանակում Երասխահուն համայնքում, որտեղ չնախատեսված կանգառ էր կատարել և զրուցել իրենց դիմավորելու եկած գյուղացիների հետ:
Վարչապետը գյուղացիներից հետաքրքրվեց նրանց զբաղվածությամբ, գյուղատնտեսական աշխատանքներից, մանկապարտեզի, դպրոցի առկայությամբ:
«Հանրապետությունում 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ենք: Այդ ծրագիրը ձեր գյուղ էլ կհասնի»,-վստահեցրեց վարչապետը:
Նա կարևորեց, որ Հայաստանի գյուղերում դպրոցները, մանկապարտեզները լինեն ամենաբարձր մակարդակի:
Գյուղացիները հոսանքի, ենթակայանի հարց բարձրացրին: «Ցավոք, միանգամից չենք կարող: Հերթով բոլոր հարցերը լուծելու ենք: Վստահ եղեք, որ անընդհատ զբաղվում ենք համայնքների հարցով, ամեն ինչ անում ենք, որ համայնքի ժողովուրդը կոնկրետ փոփոխություն զգա: Բայց մեր առաջին հարցը, որ պետք է լուծենք, երեխաների հարցն է. դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջուր…»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը համայնք այցի շրջանակում նաև հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: