«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է աստվածաբան Արշավիր Գաբուջյանը
Պարոն Գաբուջյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ կառավարության արձագանքը Հատիս սարի վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնությանը դրական է: Նա հավելել է, որ դա էականորեն զբոսաշրջային հետաքրքրությունը կմեծացնի: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
Եթե արձանը կառուցում ենք տուրիզմը խթանելու համար, դա արդեն ինձ համար ամենասխալ երևույթներից մեկն է, երբ Հիսուսի հետ կապված ցանկացած երևույթ մենք կապում ենք տուրիզմի հետ: Հետևաբար, մեր նպատակը ոչ թե հավատքն է, այլ տուրիզմը խթանելը: Սա ինձ համար մի քիչ անընդունելի է:
Բայց հիմնական խնդրին անդրադառնալով, անձամբ ես ոչ կողմ եմ, ոչ էլ դեմ եմ արձան կանգնեցնելուն, բայց երևույթներ կան, որոնք ժողովրդի մշակույթի հետ կապված են: Մեր ժողովրդի մշակույթի մեջ արձանապաշտություն գոյություն չունի: Նույնիսկ մեր եկղեցիներում մենք արձաններ չենք կանգնեցնում, կան պատկերներ, նկարներ, բայց արձան դնելու խնդիր մենք չունենք: Եկեղեցին արդեն ամենամեծ արձանն է Քրիստոսի առկայության: Ես այդ ձևով կբացատրեմ այդ երևույթը:
Այսինքն՝ կարծում եք՝ նպտակահարմար չէր Հիսուսի արձանի տեղադրումը Հատիսի գագաթին՝ հատկապես այն հիմնավորմամբ, որ դա կխթանի զբոսաշրջությա՞նը:
Արձաններն ինձ համար այն չեն, ինչը պետք է ժողովրդի ոգին արթնացնեն: Ես կուզենայի Քրիստոսի հետ կապված շատ հարցերում մեր ժողովրդի մեջ ուրիշ ոգի արթնանար մարդկանց կյանքի օրինակով, քան թե արձանը մարդկանց ոգին զորացնող մի երևույթ դառնար: Սա իմ անձնական տեսակետն է, ես ոչ մի կազմակերպության, կամ Եկեղեցու տեսակետ չեմ արտահայտում: Որպես անհատ եմ ներկայացնում իմ դիրքորոշումը: Այո, ես համաձայն եմ, որ արտաքին երևույթները մարդկանց ոգին բարձրացնում է, բայց երբ ի սկզբանե արձանի կառուցումը շահարկվում է կամ նպատակադրվում է որպես տուրիզմը զարգացնելու միջոց… մենք շատ միջոցներ ունենք, որոնց միջոցով տուրիզմը կզարգացնենք: Նախ, մարդկանց հարգելը, մարդկանց մտայնությունը, մտածելակերպը, կենցաղը առաջնային պետք է լինեն, որ տռուրիզմը զարգանա, ոչ թե միայն արտաքին երևույթներն են տուրիզմը զարգացնում: Ամենաշատը տուրիզմը զարգանում է այնտեղ, որտեղ կա պատմական մի միջավայր. Ինչը շատ ունենք, և ամենակարևորը, տուրիստները գալիս են, երբ այստեղ մարդկային վերաբերմունք են տեսնում:
Պարոն Գաբուջյան, մենք տեսանք, որ Մայր Աթոռն էլ իր անհամաձայնությունը հայտնեց Հիսուսի արձանը կառուցելուև տեղադրելու որոշմանը, սակայն, ըստ ամենայնի, արձանը կտեղադրվի:
Ես համաձայն եմ, որ եկեղեցին իր հստակ դիրքորոշումը հայտնում է: Կկանգնեցվի արձանը, թե չի կանգնեցվի, բայց հետո չասենք՝ տեխնիկական ինչ-ինչ պատճառներով արձանը փլվեց, Քրիստոսը շուռ եկավ, հայ ժողովուրդն անհավատ է դարձել, ժողովրդի անհավատ լինելու պատճառով արձանը տապալվեց: Ես չեմ ուզում ավելի վատ կանխատեսումներ անել: Պատմության ընթցքում մեր ամենաշքեղ եկեղեցիներն անգամ երկրաշարժերի, բնության աղետների պատճառով այսօր խոնարհվել են: Քարեղեն կառույցների մեջ չէ՝ Աստծո ոգին, Աստծո ոգին երբ վերանում է քարեղեն կառույցներից, դրանք դառնում են քարեղեն կառույց և նվազագույն քամուն անգամ չեն կարող դիմանալ: Այդ տաճարն ու արձանը մարդու հոգու մեջ պետ է կանգնեցվեն: Սա է իմ մոտեցումը:









































