Ադրբեջանցի հայտնի քաղաքագետներ վերջերս հանդես են եկել վերլուծություններով՝ նշելով, որ Ադրբեջանի պետականության հիմնական սպառնալիքն այսօր բխում է Իրանից ու Ռուսաստանից։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ադրբեջանի նման ֆոբիաները բացատրում է նրանով, որ Իրանի ազգայնականները և քաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի ներկայիս տարածքը համարում է պատմական Իրանի մի հատված:
«Ադրբեջանը Իրանի Ազարբայջան նահանգի աղավաղված նահանգն է, Ադրբեջանում այսօր բնակվում են մոտավորապես 600 հազար թալիշներ, որոնք իրանական ծագում ունեն և ձգտում են վերամիավորվել Իրանում ապրող իրենց հայրենակիցների հետ, Ադրբեջանում այսօր ապրում են մոտ 100 հազար ավարցիներ և մոտ 800 հազար լեզգիներ, որոնք ձգտում են միավորվել Դաղստանի իրենց հայրենակիցների հետ»,- պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին՝ նշեց քաղաքագետը:
Նրա գնահատմամբ՝ այս բոլոր կենտրոնախույզ ուժերին հակազդելու համար Ադրբեջանն ունի մեկ՝ նավթագազային ռեսուրս, և այդ առումով ունեն երաշխիքներ Արևմուտքից, բայց ոչ թե հենց ամբողջ Ադրբեջանի համար, այլ այն հատվածի, որտեղով անցնում են նավթագազային կոմունիկացիաները, ինչը, ըստ քաղաքագետի, դժբախտություն է պետության համար:
Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ բոլոր հարևանների կողմից տարածքային պահանջատիրություն ունենալով շատ բնական է, որ Ադրբեջանը պետք է ունենա նման ֆոբիաներ: Աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, քաղաքագետի դիտարկմամբ, Ադրբեջանի ֆոբիաները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջինս հայտնվել է երկու հակադիր բևեռների` Արևմուտքի և տարածաշրջանում նրա քաղաքականությունը վարող Թուրքիայի ազդեցության գոտում, ի հակադրություն Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի. «Ադրբեջանն այս երկուսի բախման կիզակետում է, և բնական է, որ նման ֆոբիաներ պետք է ունենան, ինչպես նաև այդ ամենը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ և երկու գերտերությունների միջև կապող օղակ կարող է հանդիսանալ»:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանն էլ նկատեց, որ էներգետիկ աշխարհաքաղաքական քարտեզը դիտարկելիս պարզ է դառնում, որ Ադրբեջանը այն հիմնական պետությունն է եղել, որը էներգետիկ տեսանկյունից մշտապես խնդիրներ է ունեցել թե՛ Իրանի և թե՛ հատկապես Ռուսաստանի հետ. «Իսկ Արևմուտքի կողմից ֆինանսավորվող մի շարք էներգետիկ պրոյեկտներում Ադրբեջանի ակտիվ դերակատարությունը Ռուսաստանին դուր գալ չի կարող»:










































