ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օգոստոսի 26–ին ընդունեց խաղող մթերող ավելի քան երկու տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների՝ վերամշակողների ուշադրությունը հրավիրելով հանրապետության նախագահի կողմից ամիսներ առաջ տրված հանձնարարականների՝ գյուղմթերքի, այդ թվում՝ խաղողի ժամանակին ու ըստ պայմանագրերի մթերման ապահովմանը:
«Գյուղացին պետք է զերծ լինի մտավախություններից ու անորոշությունից, որ իր ապրանքի համար կարող է ժամանակին չվճարվել կամ լինեն ձգձգումներ, ինչպես եղավ առանձին դեպքերում՝ անցյալ տարի»,- նշեց գյուղատնտեսության նախարարը` հավելելով, որ ներկայումս ընթացող նորմալ մթերման գործընթացի տեմպը պետք է պահպանվի նաև խաղողի մթերման ժամանակ: Ինչպես կրկին շեշտեց Սերգո Կարապետյանը, ամբողջությամբ մթերվելու է գյուղացու արտադրանքը. մանավանդ, որ նման հնարավորություն են տալիս նաև այս տարի մարզերում վերաբացված պահածոների գործարանները:
Նախարարը հորդորեց վերամշակող ընկերություններին՝ աշխատել բացառապես պայմանագրերով, որոնցում հստակ արտացոլված կլինեն ինչպես մթերման ծավալները, այնպես էլ գումարների մարման ժամկետները: «Այս գործընթացը լինելու է ամենօրյա վերահսկողության ներքո, լուսաբանվելու է մամուլի միջոցով: Այն կազմակերպությունները, ովքեր բարեխղճորեն կկատարեն իրենց պարտավորություններն ու աչքի կընկնեն մթերման ծավալներով, կխրախուսվեն,- ասաց նա:
Նախարարը մեկ անգամ ևս մթերողների ուշադրությունը հրավիրեց արտադրանքի որակի և մրցունակության ապահովմանը՝ նշելով, որ խաղողի մթերման 2010-ի ցուցանիշները այս տարի նույնպես կպահպանվեն:







































