«Անդրբեջանական պաշտոնյաների հայտարարությունները, թե ադրբեջանական կողմը Հայաստանին հաղթում է տեղեկատվական պատերազմում, բոլորովին չի համապատասխանում իրականությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։
Նա նշեց, որ դասական առումով Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմ գոյություն չունի, պարզապես Ադրբեջանն իր համար ստեղծել է վիրտուալ մի տարածք, որտեղ կռվում է և ադրբեջանական հասարակությանը ցուցադրում, թե իբր տեղեկատվական պատերազմներ են վարում։
Սակայն, ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմը զբաղված է միայն հերյուրանքներ տարածելով և անընդհատ հերքելով հայկական կողմից եկող տեղեկատվությունները. «Ադրբեջանն այսօր շատ խնդիրներ ունի իր հարևանների և տարածաշրջանի շատ երկրների հետ։ Ալիև-Մեդվեդև Սոչիում կայացած հանդիպումից հետո պարզ դարձավ, որ բավական հեռացել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Ադրբեջանի նկատմամբ դժգոհության ալիք կա եվրոպական մի շարք կառույցներից և այս պայմաններում խոսել Հայաստանի նկատմամբ վարած տեղեկատվական պատերազմում հաղթանակ տանելու մասին՝ ավելորդ է»,- մանրամասնեց Հ. Մելիք- Շահնազարյանը։
Քաղաքագետը նաև տեղեկարցրեց, որ ներկա դրությամբ Հայաստանը ունի ռեսուրսներ, որոնց շնորհիվ կարող է ազդել Ադրբեջանի 300 000 քաղաքացիների վրա։ Նա նշեց, որ այս ռեսուրսները ներկայումս չեն օգտագործվում, որովհետև դրա կարիքը չկա, և եթե լինի ադրբեջանա-հայկական իրական տեղեկատվական պատերազմ, ապա այդ ռեսուրսները շատ արագ գործի կդրվեն։
Նրա բանախոս, քաղաքագետ Նարեկ Գալստյանն էլ նշեց, որ Ադրբեջանն այսօր զբաղված է միմիայն պատմական կեղծիքներ իրականացնելով ոչ միայն Հայաստանի, այլ հարևան մյուս պետությունների նկատմամբ, և դա է պատճառը, որ այսօր լարված են Արդբեջանի հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ։ Գալստյանը նաև նկատեց, որ Ադրբեջանը հիմնականում քարոզչություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ, իսկ նրանց արտաքին քարոզչությունը ամենևևին էլ ազդեցիկ չէ, և հայկական հասրակության վրա նրանք չեն կարող ազդել։










































