Կենտրոնական բանկը վերջին տարիներին աշխատում է վնասով: Նախկինում եղել են տարիներ, երբ ԿԲ-ն շահույթով է աշխատել, բայց վերջին տարիներին երկրի գլխավոր դրամատան վարչական ու կապիտալ ծախսերը շատ արագ են աճել: Եթե ԿԲ-ն շահույթով է աշխատում, ապա ամբողջը գնում է պետական բյուջե, իսկ եթե վնասով, ապա պետբյուջեն երաշխավորում է նրա ծախսերը: Ներկայում ԿԲ-ի մուրհակների ծավալը կազմում է շուրջ 80 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 55 միլիարդի փոխարեն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ ԿԲ վնասների մի մասը փոխարժեքի պահպանման և կառավարման արդյունք է, որովհետև երբ պետական պահուստներն արտարժույթով են, և ԿԲ-ն համարվում է ազգային դրամի էմիտենտ, ապա ազգային դրամի և այն արտարժույթի, որով պահում են պահուստները, տատանումները բերում են կամ շահույթի կամ վնասի՝ կախված նրանից, թե արժութային դիրքը երկար է, թե՝ կարճ:
Հ. Մեսրոբյանի խոսքով՝ ԿԲ ծախսերը պետք է վերահսկի խորհրդարանը, որը, երբ կառավարությունը ներկայացնում է պետական բյուջեն, դիտարկում է այդ ծախսերը. «Այսինքն, կարելի է վերահսկել՝ շատ է, քիչ է: Մեխանիզմը կա, հավաքվել են 131 հոգի՝ թող հսկեն: ՀՀ-ում խնդիրն այն է, որ մեխանիզմները կան, բայց չեն գործում: Օրինակ՝ դատավորների աշխատավարձերը բարձրացրեցին, որ կոռուպցիոն ռիսկը իջնի, բայց ոչ մի բան էլ չիջավ»:
ԿԲ-ում աշխատավարձերը միջինը 400 հազար դրամից բարձր են: ԿԲ-ի շենքը վերանորոգումից հետո գերժամանակակիցներից մեկն է երկրում: ԿԲ-ն նաև մեծ ծախսեր է կատարում իր հանգստյան տների և Դիլիջանում ֆինանսաբանկային քոլեջի աշխատակիցների համար բնակելի շենքի շինարարության վրա: Ֆինանսների նախարարությունը մի քանի անգամ մտահոգություն է հայտնել ԿԲ վարչական ու կապիտալ ծախսերի ահագնացող ծավալների մասին՝ նշելով, որ ԿԲ-ն պետք է իր ծախսերն ավելի զուսպ պլանավորի:











































