Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման հայտարարել է, որ Աֆրիկյան Միությունը չի ճանաչի Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը որպես այդ երկրի լեգիտիմ իշխանություն: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել քաղաքացիական պատերազմը Լիբիայում: Այսօր Աֆրիկյան միության անդամ երկրների ներկայացուցիչները հանդիպել են Եթովպիայում, Լիբիայի առնչությամբ իրենց գործողությունները կոորդինացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ինչպես տեղեկացրել էինք նախկինում, աշխարհի մի շարք երկրներ Լիբիայի միակ օրինական իշխանություն ճանաչում են ապստամբների քաղաքական մարմինը` Ազգային անցումային խորհուրդը, սակայն աֆրիկյան մայրցամաքի մի քանի երկրներ Մուամար Քադաֆիի հետ ունեն բարեկամական հարաբերություններ, ինչը դժվարացնելու է Լիբիայի նոր իշխանությունների միջազգային ճանաչման գործընթացը:
Զիմբաբվեում, օրինակ, Լիբիայի դեսպանին հնարավոր է վտարեն, քանի որ նա իր երկրի դրոշը փոխել է և դեսպանատան վրա տեղադրել Ազգային անցումային խորհրդի` նախկին միապետական եռագույնը: Զիմբաբվեն կտրականապես հրաժարվում է ճանաչել Ազգային անցումային խորհուրդը:










































