Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ NTV-ով հեռարձակվող ծրագրերից մեկի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Լիբիայի, Սիրիայի ու Իրաքի խնդիրներին։
Լիբիայի հետ կապված՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Լիբիան անցում է կատարել նոր մակարդակի՝ ընդգծելով հետհակամարտային գործընթացի կարևորությունը։ Ըստ Դավութօղլուի՝ խաղաղություն հաստատելն ավելի բարդ է, քան հաղթանակի հասնելը։
Սիրիայի վերաբերյալ Դավութօղլուն հայտարարել է, որ այդ երկրում ընթացող անվտանգության միջոցառումները հնարավորություն չեն ընձեռում բարեփոխումների իրականացման համար։ Հիշեցնելով տվյալ խնդրի շուրջ վերջերս այդ երկիր կատարած իր այցի և նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ իր հանդիպման մասին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և անհամբերությամբ սպասում է արյունահեղության դադարեցմանը։
Իր խոսքը հասցեագրելով սիրիական կառավարությանը՝ Դավութօղլուն նշել է. «Մենք եղել ենք Ձեր կողքին՝ հանդես գալով օտար երկրների միջամտության դեմ։ Սակայն այժմ խնդիրը Ձեր ժողովրդի մեջ է։ Եթե մենք ստիպված լինենք ընտրություն կատարել Ձեր և ժողովրդի միջև, ապա մենք կընտրենք երկրորդ տարբերակը։ Մեզ համար ավելի կարևոր է երկու ժողովուրդների հին և «հավերժ» բարեկամությունը»։
Թուրքիայում «արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող» ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Դավութօղլուն հայտարարել է, որ եթե Իրաքն իր տարածքը չմաքրի ահաբեկիչներից, ապա Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին թուրքերը մեկ անգամ չէ, որ փորձել են ծնկի բերել Հյուսիսային Իրաքում բազավորված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին: Ամեն անգամ արդյունքը եղել է նույնը. թուրքական բանակը հպարտ կեցվածքով հեռացել է Իրաքից, իսկ PKK-ի զինյալները կարծես հրաշքով գոյատևել են:










































