ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան կոչ է արել լիբիացիներին, կոլեկցիոներներին և հնությունների մասնագետներին՝ պաշտպանել Լիբիայի մշակութային ժառանգությունը թալանից և անօրինական վաճառքից: Բոկովան նշել է, որ մշակութային ազգային ժառանգությունը շատ կարևոր է «քաղաքացիների կողմից ազգային ինքնագիտակցության և արժանապատվության պահպանման համար»:
Բոկովան ասել է, որ արդեն կապվել է Լիբիայի հարևան երկրների ղեկավարների հետ և կոչ արել՝ պայքարել մշակութային արժեքների անօրինական վաճառքի դեմ: Բոկովան նշել է, որ բոլոր երկրներում, որտեղ տեղի են ունենում հեղափոխություններ, միշտ առաջանում է պատմական արժեքների թալանի խնդիր: ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջարկել է իր օգնությունը` հասցված վնասի գնահատման հարցում, հատկապես այն արժեքների, որոնք ներառված են Համաշխարհային պատմամշակութային արժեքների ցանկում:
Հիշեցնենք, որ պատմամշակութային ժառանգության արժեքների թալանի խնդրի հետ առնչվել են նաև հարևան Եգիպտոսն ու Թունիսը: Մասնավորապես՝ Եգիպտոսում թալանվել էր Ազգային թանգարանը, իսկ պեղումների վայրերից, որոնք առժամանակ մնացել էին առանց վերահսկողության, գողացվել էին եզակի նմուշներ:










































