Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներս խորհրդակցություններ պահանջել կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից պետությունների հետ՝ հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի կենսալաբորատորիաների գործունեության առնչությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ-ի տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հարևան մի շարք երկրներում կենսաբանական լաբորատորիաների ցանց է ստեղծել, որոնցում Պենտագոնի հովանու ներքո վտանգավոր վիրուսների հետ աշխատանք է իրականացվում: Ամերիկյան կողմը պնդում է, որ լաբորատորիաները գործում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգության շահերից ելնելով, և մերժում է այդ հաստատություններում կենսաբանական զենքի ստեղծման վարկածը:
Մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ բացի Ուկրաինայից և Վրաստանից, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաները գտնվում են Հայաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում:
Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն գտնում է, որ Մոսկվային չեն անհանգստացնում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները, առավել ևս, որ Վրաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ չկան․ «Կա Վրաստանի առողջապահության նախարարության Լուգարի անվան լաբորատորիա։ Իսկ նման լաբորատորիա ունենալը կենսական նշանակություն ունի երկրի անվտանգության համար։ Կորոնավիրուսի համաճարակը հաստատել է դա։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է այդ լաբորատորիաների առկայության փաստը որպես ճնշման գործիք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա
Ըստ Վասաձեի՝ անկախ Մոսկվայից եկող դժգոհություններին, եթե լաբորատորիաները կարևոր են երկրի անվտանգության համար, ապա այն երկրները, որտեղ նման լաբորատորիաներ առկա են, տվյալ երկրի իշխանությունները պետք է գործեն ազգային շահերից ելնելով։
Ռուս-ուկրաինական պատերազմի թեժացման ժամանակ Ռուսաստանից ոչ մեկ անգամ է ակնարկ հնչել լաբորատորիաներին հարվածելու մասին։ Գելա Վասաձեի դիտարկմամբ՝ այս փուլում հարձակման հարցը սեղանին դրված չէ․ «Բայց ապագայում ոչինչ բացառել չի կարելի։ Այնուամենայնիվ, դուք պետք է հասկանաք, որ դա ընդամենը պատրվակ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ոչ մեկ անգամ է Ռուսաստանն այդ կենսալաբորատորիաների վերաբերյալ իր դժգոհությունը հայտնեց․ «Այս պահին էլ արևմուտքի հետ հարաբերություններում դա որոշակի ճնշման միջոցներից մեկն է։ Այն պետությունները, որտեղ այդ կենսալաբորատորիաները տեղադրված են, հայտարարում են, որ դրանք ունեն բացառապես խաղաղ բնույթ։ Եթե չեմ սխալվում՝ Հայաստանն էլ թույլ է տվել, որպեսզի ռուս մասնագետներն այցելեն այդ կենսալաբորատորիաներն ու համոզվեն, որ որևէ վտանգ չկա։ Այնուամենայնիվ քաղաքական առումով դա հնարավորություն է արևմուտքի դեմ ճնշում գործադրելու համար։ Այդ ճնշումները կարող են գործադրվել այնպիսի տարածքների միջոցով, ինչպիսին օրինակ Հայաստանն է։ Ռուսաստանը չի խորշում օգտվել այդ հնարավորությունից։ Դա քաղաքական գործընթացի մի մաս է և կոնկրետ այդ կենսալաբորատորիաներում զենքեր արտադրելու հետ այնքան էլ առնչություն չունի»։
Ղևոնդյանն ընդգծեց՝ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ ցանկացած կողմ, որ ունի մտահոգություն, կարող է գալ ու համոզվել, որ դրանք խաղաղ նպատակներ են հետապնդում և ռազմական որևէ բաղադրիչ այստեղ չկա․ «Հայաստանը պետք է շարունակի այդ մոտեցումն առաջ տանել, կարծում եմ հենց այդպես էլ Երևանը կվարվի»,-եզրափակեց նա։








































