Հայաստանի տնտեսությունը շատ ուղղակիորեն կապված է համաշխարհային տնտեսության հետ՝ թե՛ արտահանման և ներմուծման, թե՛ տրանսֆերտների միջոցով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ ՀՀ տնտեսության հիմնական ֆինանսական աղբյուրները գալիս են հենց տրանսֆերտների միջոցով, նաև տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից ֆինանսավորվող գումարներից՝ ներդրումների տեսքով:
«Այն երևույթները, որ տեղի են ունենում համաշխարհային տնտեսության մեջ, իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանի վրա: Սակայն կա նաև յուրահատկություն. հաշվի առնելով Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու բնույթը՝ օլիգարխիկ-մենաշնորհային, այդ ազդեցությունները շատ անգամ մի փոքր փոփոխության դեպքում շատ մեծ են լինում և հակառակը՝ կարող է նույնիսկ չզգացվեն:
Նույն 2008-2009 թթ. ասում էին, թե կայուն է և համաշխարհային ճգնաժամն ազդեցություն չի ունենա, բայց պարզվեց, որ ամենաուղղակի ազդեցությունն ունեցավ այն առումով, որ բացահայտեց ՀՀ տնտեսության ոչ մրցունակ, ճգնաժամային վիճակը, և մինչև հիմա էլ չենք կարողանում դուրս գալ ճգնաժամից»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Ներդրումների դեպքում, ըստ նրա, պետք է հաշվի առնել տրանսֆերտների խնդիրը, որը շատ ուղղակի ազդեցություն ունի ՀՀ տնտեսության վրա: Մասնավոր տրանսֆերտների առումով շատ մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, որովհետև տրանսֆերտների մոտ 90%-ը գալիս է Ռուսաստանից: Վ. Խաչատրյանը նշեց, որ եթե նույնիսկ թվային առումով ներդրումները եվրոպական երկրներից ավելի շատ են, քան Ռուսաստանից, բայց տրանսֆերտների հանգամանքը պետք է ավելի շատ գնահատել, քան ներդրումներինը, որովհետև դրանք էլ են ներդրում և շատ կոնկրետ են, անձնավորված, իրենց նպատակին ուղղակի են հասնում, իսկ մյուս ներդրումները, թեև ուղղակի են, քանի որ կոնկրետ բնագավառի են վերաբերում, բայց մինչև նպատակին են հասնում՝ բավականին ժամանակ է պահանջվում, այսինքն՝ երկարաժամկետ են: Այս առումով Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները շատ անմիջական են ազդում ՀՀ տնտեսության վրա, քան ԵՄ երկրների փոփոխություները: Դա զգացվեց հատկապես 2008-ի ճգնաժամին, երբ տրանսֆերտները 40-50%-ով կրճատվեցին, և դրա հետևանքները իսկույն զգացին՝ բարձրացավ աղքատության մակարդակը, և տնտեսության մեջ նվազեցին ներդումները և, ընդհանրապես, ի հայտ եկան ճգնաժամային երևույթներ:
Վ. Խաչատրյանը փաստեց, որ այս տարի Ռուսաստանի տնտեսության մեջ ճգնաժամային երևույթներ չկան, տրանսֆերտների հոսքը շատանում է: Սակայն Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու բնույթը այնպիսին են, որ նույնիսկ այդ մեծ քանակությամբ տրանսֆերտների առկայությունը տնտեսության զարգացում և կենսամակարդակի բարձրացում չի ապահովում, որովհետև այդ գումարները գնում են ոչ թե քաղաքացիների, փոքր ու միջին բիզնեսի գրպանը, այլ գնում են օլիգարխիայի կամ քաղաքական ուժի վերնախավի գրպանը, որոնք շատ քիչ տոկոս են կազմում:
«Ըստ էության, տրանսֆերտներն ուղղված են սոցիալական խնդիր լուծելուն: Երկրում վարվող քաղաքականության արդյունքում դրանք կարող էին դառնալ երկարաժամկետ ներդրումների աղբյուրներ, բայց քանի որ մեր երկրում նման քաղաքականություն չկա, ապա տրանսֆերտներից ստացվող գումարները գնում են օլիգարխիայի գրպանը: Դա լինում է և՛ դրամավարկային քաղաքականության արդյունքում, և՛ արտարժույթի արժևորման արդյունքում»,- ասաց Վ. Խաչատրյանը:






































