Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է. «Սիրիան հստակ քայլերով շարժվում է ռեֆորմների ճանապարհով, հիմք է դնում երկրի և հաջորդ սերունդների ապագայի համար»: Ըստ Ասադի՝ գոյություն ունի արտաքին ուժերի գաղտնի դավադրություն, որն ուղղված է երկրի ներսում բախումներ հրահրելուն:
«Արևմտյան երկրները Սիրիայի վրա ճնշումներ են գործադրում ոչ այն պատճառով, որ մտահոգ են Սիրիայի ժողովրդի համար, այլ այն պատճառով, որ ձգտում են Սիրիայից զիջումներ կորզել` լուծելու համար իրենց խնդիրները: Բայց Սիրիան երբեք չի գնա զիջումների Արևմուտքին, քանի որ ժողովուրդն անկախ լինելու իրավունք ունի»,- նշել է Սիրիայի նախագահը:
Բաշար Ալ-Ասադը նաև նշել է, որ երկրի բոլոր քաղաքացիները պետք է խոհեմություն ցուցաբերեն և օգնեն միմյանց՝ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար:
Մի քանի օր առաջ Ասադը հայտարարել էր, որ կողմ է քաղաքական ճանապարհով լուծումներ տալ ստեղծված իրավիճակին: Իր հարցազրույցներից մեկում նա մասնավորապես ասել էր. «Երկիրն այժմ գտնվում է փոփոխությունների փուլում, որի ընթացքում ընդունվելու են բազմաթիվ օրինագծեր, կանցկացվեն նոր ընտրություններ և կվերանայվի սահմանադրությունը»:









































