«Պարզունակ են թվում այն պնդումները, որ Թուրքիան ցուցադրաբար իր վրա է վերցրել հայ-թուրքական գործընթացի ձախողման ամբողջ մեղքը, դա այդ երկրի խաղաոճը չէ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսելով Թուրքիայի խորհրդարանի օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունների հանման մասին՝ կարծիք հայտնեց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Նա նշեց, որ արձանագրությունները ստորագրած 60-րդ կառավարությունը, որի նախաձեռնությամբ է խորհրդարան մտել արձանագրությունները, և նոր` 61-րդ կառավարությունը երբևէ հայտարարություն չեն արել դրանց դադարեցման կամ ուժը կորցրած լինելու մասին, հետևաբար, քաղաքական կոնյունկտուրայի առումով Թուրքիան չի կարող հենց այնպես, ընթացակարգային պահանջի պատրվակով, դեն նետել արձանագրությունները:
«Վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին և հազիվ թե այս փուլում Թուրքիայի մեղքով հայ-թուրքական գործընթացի կատարյալ ձախողումը լինի ամենախելամիտ քայլը: Նախկինում ևս Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի օրակարգից հանված խնդիրները կրկին վերադարձվել են օրակարգ, ու դա արվել է կառավարության նախաձեռնությամբ վեց ամիս հետո»,- պարզաբանեց թուրքագետը:
Հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է, որպեսզի Հայաստանի խորհրդարանը ևս հանի արձանագրությունները օրակարգից՝ այդկերպ պատասխանելով Թուրքիային, Տեր-Մաթևոսյանը նշեց, որ իրական քաղաքականությունը իմպուլսիվ արձագանքների վրա չի կառուցվում. «Կարծում եմ՝ հեռագնա առաջարկություններ անելուց առաջ, պաշտոնական Անկարան պետք է նախ մեկնաբանի այդ քայլը և հաստատի, թե ինչպես է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների ապագան, որից հետո Հայաստանը թող որոշի՝ ինչպես վարվել արձանագրությունների հետ: Պարզունակ ու կոնվենցիոնալ քայլերը քաղաքական կշիռ չունեն միջազգային հանրության աչքերում, հետևաբար Հայաստանը չի կարող հենց այնպես երկրորդել Թուրքիային»:
Թուրքագետի գնահատմամբ`միջազգային հանրությունը լավ գիտի, որ արձանագրությունների վավերացման հարցում Հայաստանը մեկ քայլ առաջ է, հետևաբար հենց այնպես արձանագրություններն առոչինչ ճանաչելը հեռանկարային չի կարող համարվել ոչ մի պարագայում:
Տեր-Մաթևոսյանի խոսքերով, եթե, այդուամենայնիվ, Թուրքիայի կառավարությունը իրականում որոշել է խորհրդարանի ձեռքով օրենսդիր մարմնի ու քաղաքական օրակարգից հանել արձանագրությունների հարցը, ապա դա պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից և հատկապես նրանց կողմից, ովքեր ներկա էին Ցյուրիխում դրանց ստորագրման արարողությանը. «Հայաստանը պետք է ցույց տա, թե տարածաշրջանում ո՞վ է իրականում կառուցում կամուրջներ, ո՞վ է հանդուրժող և ո՞ւմ քայլերն են ապագային ու համակեցությանը միտված»:









































