ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ ինքն ի սկզբանե հույսեր չի կապել բանդիտական իշխանությունների հետ երկխոսության հետ. «Այս իշխանությունը մինչև վերջին երանգը թաղված է արյան ու հանցանքների մեջ, և նրանք այլևս բանական իշխանություն չեն, քանզի վախենում են իրենց իշխանությունը և հարստությունը, ինչպես նաև ազատությունը կորցնելուց, և պարզ է, որ նրանք երկխոսությամբ չեն հեռանա»:
Մալխասյանը նկատեց, որ ՀԱԿ-ը, լինելով ժողովրդավարական ուժ, չի ցանկանում արյունով իշխանության եկածներին արյունով հեռացնել իշխանությունից և այդ պատճառով երկխոսում է նրանց հետ: Սակայն, Մալխասյանի գնահատմամբ, ՀԱԿ-ը իր նշած վերջնաժամկետից անգամ մեկ ժամ հետ չի կանգնելու: Նա նշեց, որ երկխոսությունը տևելու է այնքան, ինչքան նշել է ՀԱԿ առաջնորդը, այսինքն՝ մինչև սեպտեմբեր:
«Կարծում եմ՝ Հայ ազգային կոնգրեսը այլևս ժամկետ չի ավելացնի, քանզի ժամանակ այլևս չկա: Եթե մենք ժամկետը ձգձգենք մինչև հերթական ընտրությունների շեմը, ապա չարիքի իշխանությունը կհասնի իր նպատակին` մեզ ներքաշել հերթական ընտրությունների խաղի մեջ»,- մանրամասնեց Մալխասյանը:
Ազատամարտիկը նշեց, որ եթե ՀԱԿ-ը ներքաշվի այդ խաղի մեջ՝ ոչ թե կթուլանա, այլ կվերանա, քանզի իշխանությունների խաղի կանոնները հանցավոր աշխարհի կանոններն են. «Եթե մենք մտնում ենք մի խաղի մեջ, որտեղ կանոնները որոշում են բանդիտները, թաղային թափթփուկները, ապա մենք ինքներս մեզ ոչնչացնում ենք, և դա շատ լավ գիտի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանը, ու նա չի մտնելու այդ խաղի մեջ»:
Վարդան Մալխասյանը հույս հայտնեց, որ սեպտեմբերին Կոնգրեսը հուժկու ժողովրդական շարժում է ծավալելու և մինչև աշնան ավարտը երկիրը կմաքրի «թրքատիպ հայերից»:










































