Իրանն ու Սաուդյան Արաբիան մոտ ժամանակներս կարող են ստորագրել համաձայնագիր հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմին:
«Իրանն ու Սաուդյան Արաբիան լրջորեն են մոտենում երկխոսությանը և տարածաշրջանի ընթացիկ իրադրությանը, և մենք վստահ ենք, որ մոտ ժամանակներս նրանց միջև համաձայնություն կկնքվի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Մուստաֆա ալ-Քազըմին:
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաղդադը լավ հարաբերություններ ունի ինչպես Իրանի և Սաուդյան Արաբիայի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների հետ, այդ պատճառով իրենց հաջողվել է Իրաքի տարածքում դրական մթնոլորտ ստեղծել նշված երկրների միջև երկխոսության համար:
Ապրիլի 23-ին Բաղդադում տեղի էր ունեցել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հինգերորդ փուլը: