«Հայ-թուրքական գործընթացի զարգացումն ապացուցեց, որ Հայաստանի դիրքորոշումն արտաքին քաղաքական հարթակներում հստակ է, և մոտեցումներն էլ այսօրվա մարտահրավերներին համապատասխան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելու մասին որոշմանը, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ արձագանքեց. «Այսինքն, այն ինչ անում է Թուրքիան արձանագրությունների հետ շատ նորմա՞լ է, և դա ապացուցում է Հայաստանի իշխանությունների ճիշտ դիրքորոշո՞ւմը»:
«Իսկ ի՞նչ է անում Թուրքիան: Արձանագրությունների նկատմամբ մեր վերաբերմունքն արտահայտվել է շատ ավելի վաղ, քան Թուրքիան ինչ-որ իրավական ընթացակարգային գործողություն է իրականացրել»,- պատասխանեց Զաքարյանը՝ նշելով, որ Հայաստանի կողմից ստորագրության հետ վերցնելն իմաստ չունի, քանզի, իր կարծիքով հայ-թուրքական գործընթացը առողջանալու հնարավորություն ունի:
Ստեփան Սաֆարյանն էլ նշեց, որ ինքը չափազանց ուրախ է Թուրքիայի խորհրդարանի քայլից. «Ցավոք սրտի, հայ հասարակության ընդդիմացող հատվածի փրկությունը դարձել է կա՛մ Իլհամ Ալիևի մեծ ախորժակը, կա՛մ Թուրքիայի քաղաքականության խորամանկ քայլերը»:
Սաֆարյանն ասաց, որ Թուրքիան սկզբից փորձեց Հայաստանի վրա սահման վաճառելով՝ հրաժարեցնել ազգային իրավունքներից, իսկ հիմա վաճառքի է հանել օրակարգում հերթական անգամ արձանագրություններն ընդգրկելու հարցը. «Սա նշանակում է, որ Թուրքիայի կառավարությանը պետք է խնդրեն, որ նա այդ հարցը նորից օրակարգ մտցնի, իսկ խնդրանքն ունի որոշակի գին, և մենք կարող ենք գուշակել, թե ինչ կարող է դրա դիմաց պահանջել Թուրքիան»:
Ըստ Սաֆարյանի՝ նման խնդրանքներով Թուրքիային դիմելու են Միացյալ Նահանգները, Եվրոպան, ինչն էլ Թուրքիային հավելյալ առավելություններ է տալու:









































