ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՉԺՀ պետխորհրդի առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն այսօր Պեկինում կայացած հանդիպմանը քննարկեցին երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու վերաբերյալ հարցեր:
Երկուստեք արձանագրելով հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` կողմերը վստահություն հայտնեցին, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի նոր թափ հաղորդել հայ-չինական համագործակցությանը:
Նշվեց, որ երկու երկրների կառավարությունները մեծ աշխատանք են իրականացրել`փոխգործակցության և բարեկամական կապերի զարգացման ամուր հիմք ստեղծելու համար: Բարձր գնահատվեց երկու երկրների միջև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև անդրադարձ եղավ վերջին տարիներին երկկողմ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններին, որոնք նպաստեցին հարաբերությունների զգալի ակտիվացմանը: Կարևորվեց փոխայցերի հաճախականության պահպանումը, ինչը հնարավորություն է տալիս հարաբերությունների սահուն զարգացում ապահովել:
Քննարկվեցին մի շարք ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու, հատկապես՝ հայկական արտադրանքը Չինաստան արտահանելու հնարավորությունները:
Անդրադարձ եղավ հայ-չինական առևտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի` այս տարվա ապրիլին Երևանում կայացած 6-րդ նիստի և հայ-չինական գործարար համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին: Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ հայ-չինական համագործակցությանն առնչվող հարցերն ուսումնասիրելու, գործակցության խնդիրների լուծման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված համակարգող խորհուրդը ևս իր ներդրումը կունենա երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման գործում:
Երկկողմ շփումների ակտիվացման համատեքստում կարևորվեցին նաև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության հաստատման, անցագրային ռեժիմի պարզեցման, զբոսաշրջության զարգացման հարցերը: Ա.Գևորգյանը նշեց, որ այս տարվանից քայլեր են ձեռնարկվել ՉԺՀ քաղաքացիների համար մուտքի թույլտվության տրամադրման գործընթացի դյուրացման ուղղությամբ: Նա նաև հույս հայտնեց, որ մոտ ապագայում կլուծվի կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության հարցը:
Քննարկվեցին նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման հարցեր: Դրական գնահատվեց սկիզբ առած գործակցությունը Երևանի և Պեկինի միջև, անդրադարձ եղավ Հայաստանի Լոռու մարզի և Չինաստանի Շանսի նահանգի միջև համագործակցության հեռանկարներին: Ա.Գևորգյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել նման գործակցության խորացմանը:
Գործընկերոջը շնորհակալություն հայտնելով ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար` Ա.Գևորգյանը տեղեկացրեց, որ ամռան սկզբին ստացված շտապօգնության մեքենաներն արդեն ծառայում են իրենց նպատակին, իսկ Երևանի քաղաքապետարանն արդեն սպասում է ուղևորատար ավտոբուսների հատկացման ծրագրի իրականացմանը:
Հանդիպմանը Հայաստանի և Չինաստանի փոխվարչապետները պատրաստակամություն հայտնեցին ջանքեր ներդնել հայ-չինական բարեկամական հարաբերությունների ընդլայնման գործում:
Ա. Գևորգյանը ՉԺՀ գործընկերոջը հրավիրեց այեցելել Հայաստան:









































