Հայ-թուրքական արձանագրությունները մոտ ապագայում չեն վերադառնա թուրքական մեջլիսի օրակարգ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը` ընդգծելով, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովից արձանագրությունների հետ կանչելը արձանագրեց դե-ֆակտո:
«Սա չի նշանակում, որ չեղյալ են համարվել արձանագրությունների տակ Դավութօղլուի ստորագրությունները: Պետք է հստակ փաստենք, որ արձանագրությունները չեն դադարում գոյություն ունենալ, այլ անտեսանելի են Թուրքիայի իրավական դաշտում»,- վերլուծեց Ռ. Մելքոնյանը:
Անդրադառնալով միջազգային հանրության հագեցված օրակարգին` թուրքագետը նշեց, որ մոտ ապագայում արձանագրություններին չեն անդրադառնա: «Այս դեպքը, անշուշտ, ոգևորություն կառաջացնի Ադրբեջանում, քանի որ այս քայլով Թուրքիան սիրաշահում է նաև Ադրբեջանին»,- կանխատեսեց Ռ.Մելքոնյանը`նշելով, որ թյուր են մամուլում շրջանառվող այն կարծիքները, որ արձանագրություններն այլևս գոյություն չունեն:
Տեղեկացնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ Մեջլիսի օրակարգից դուրս են եկել ևս 897 փաստաթուղթ` տարբեր ոլորտներին վերաբերող: